հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանության ծառայողներն առանց հիմքի որևէ քաղաքացու չեն տուգանում․ Արա Ֆիդանյան

Ոստիկանության ծառայողներն առանց հիմքի որևէ քաղաքացու չեն տուգանում․ Արա Ֆիդանյան

Երբևէ մինչ օրս չի եղել մի իրավիճակ, որ ոստիկանության ծառայողներն առանց հիմքի տուգանեն որևէ քաղաքացու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով հարցին, թե նոյեմբերի 1-ից դիմակներ կրելու պարտադիր պահանջը ոստիկանությունն օգտագործելու՞ է՝ քաղաքացուն «տուգանքի առարկա» դարձնելու համար։

Փոխոստիկանապետն, ի դեպ, լրագրողների հետ զրուցելիս դիմակ չէր կրում։ Նա պատճառաբանեց, որ դիմակը հանել է բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստին և կարող է հենց հիմա նորից կրել, ինչը, սակայն, չարեց։

Վերադառնալով քննարկվող հարցին՝ Ֆիդանյանը հավաստիացրեց, որ ոստիկանության կողմից առանց հիմքի տուգանումներ չեն եղել, չեն էլ լինելու, ոստիկանները գործելու են օրենքի շրջանակում։ Իսկ նախորդ խստացումներից հետո կիրառված տուգանքների վճարումները, նրա խոսքով, քաղաքացիները կատարել են։

«Բավականին մեծ թվով վճարումներ կան, որովհետև հակառակ պարագայում նյութերն ուղարկվում են ԴԱՀԿ ծառայություն և, այդուհանդերձ, մեր քաղաքացիները պետք է վճարեն», - ասաց նա։

Դատարանների որոշումներով մինչ այս սահմանված բազմաթիվ տուգանքների չեղարկումը Արա Ֆիդանյանը միայն մի փաստով պայմանավորեց․ որոշ ոստիկանների թերի վարչարարությամբ։ 

«Պետք է հասկանանք, թե դատարանի որոշումներն ինչի հետ են կապված։ Եղել են դեպքեր, երբ ուղղակի արձանագրությունը թերի է եղել կազմված կամ որոշ մանրամասներ, որոնք պետք է նշվեին (ոստիկանության ծառայողի կողմից - խմբ․), չեն նշվել։ Խոսքը վերաբերում է վարչարարությանը։ Բացառապես դրանով է պայմանավորված», - ասաց նա։

  • Կիսվել: