կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Որտեղ հանրային շահի հարց կա՝ բակի հարց է, մայթի հարց է, էս տեսակ հարցերում ես ձեր դաշնակիցն եմ․ Ավինյանը քարոզարշավն անցկացնում է Նոր Նորքում

Որտեղ հանրային շահի հարց կա՝ բակի հարց է, մայթի հարց է, էս տեսակ հարցերում ես ձեր դաշնակիցն եմ․ Ավինյանը քարոզարշավն անցկացնում է Նոր Նորքում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ։

Տիգրան Ավինյանը նախ բնակիչներից հետաքրքվեց, թե ինչ խնդիրներ ունեն։ Պատասխանեցին, որ առաջին հերթին ջրի խնդիր ունեն։

Քաղաքապետի թեկնածուն հայտարարեց, որ գալիք 5 տարիների ընթացքում պլանավորում են 120 կմ ոռոգման ջրի խողովակներ քաշել և խնդիրը լուծել։

Այնուհետև Ավինյանը հարցրեց, թե գոհ են տրանսպորտից։ Քաղաքացիներն ասացին, որ պետք է ավտոբուսի երթուղին ևս երկու կանգառ երկարացնել։

Բնակիչները խոսեցին նաև խաղաղահրապարակի բացակայության մասին։

Ավինյանը խոստացավ այդ խնդիրը լուծել։

Նա նաև տեղեկացրեց, թե առաջիկայում օրենսդրական փոփոխություններ են մշակվում՝ նպատակ ունենալով վերակազմավորել համատիրությունները․

«Այդ համատիրություններին ֆինանսավորում ենք մեր և կառավարության բյուջեից, մինչև բոլոր գործերը կբերեն, զրոյական մակարդակի կհասցնեն, մենք դուրս կգանք ֆինանսավորումից, դուք կշարունակեք»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Ավինյանը նաև ասաց, թե այդ վերլուծությունների արդյունքում էլ շենքերում վերելակները փոխելու գործը քաղաքապետարանն իր վրա է վերցրել։

«Մենք երկու օրինագիծ ենք անում․ առաջինը՝ սեփական տների մասով, երկրորդը՝ բնակարանների մասով, որոնք դեռ սեփականության իրավունք չեն ստացել։ Ձեր ասած բոլորը հարցերը կլուծվեն․ որտեղ հանրային շահի հարց կա՝ բակի հարց է, մայթի հարց է, էս տեսակ հարցերում ես ձեր դաշնակիցն եմ»,- հայտարարեց նա։

ՔՊ թեկնածուի խոսքով՝ իրենք պատասխանատու են, որովհետև ամեն ինչ անում են քաղաքի և քաղաքացիների համար։

«Մենք այլ մոտեցմամբ ենք հարցերին նայել և որոշել ենք, որ այն, ինչի համար ոչ մեկը պատասխանատու չէ, մենք ենք պատասխանատու, որովհետև դա անում ենք մեզ համար, մեր քաղաքի համար և երևանցիների համար»,-ամփոփեց նա։

  • Կիսվել: