շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որպեսզի հանդիպումները տեղի ունենան, պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար. Այվազյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկի մասին

Որպեսզի հանդիպումները տեղի ունենան, պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար. Այվազյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկի մասին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, դիմելով ԱԳ նախարար Արա Այվազյանին, ասաց, որ վերջինս շեշտել է, թե մեզ անհրաժեշտ է ուժեղ համանախագահություն, և խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետության և ակտիվության բարձրացման մասին:

Պատգամավորը շեց, որ երեկ համանախագահները համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել, նաև խոսել պատրաստակամության մասին՝ միջնորդելու քաղաքական երկխոսության վերականգման հարցում:

Հայրապետյանի խնդրանքին՝ ներկայացնել հնարավոր երկխոսության վերականգնման վերաբերյալ մոտեցումները՝ Այվազյանն ասաց. ՛՛Այսօր պարոն վարչապետն արդեն անդրադարձել է Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը: Իմ կողմից ներկայացնեմ լրացուցիչ դիտարկումներ:

Առաջին՝ հայտարարության մեջ համանախագահները հստակ ընդգծում են, որ ժամանակն է ուշադրություն դարձնել հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորմանը` կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այս առնչությամբ ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է. այն է, որ միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և որը կորոշի Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում:

Երկրորդ՝ համանախագահները փաստում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվել, և կոչ են անում քայլեր ձեռնարկել՝ մարդասիրական իրավունքի շրջանակներում գերիների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձության, Արցախ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի և մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության վերաբերյալ: Սա ևս մեկ անգամ միջազգային հանրության, այս անգամ՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, հերթական կոչն է Ադրբեջանին՝ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած հանձնառություններն ու միջազգային պարտավորությունները և հրաժարվել ապակառուցողական դիրքորոշումներից, որոնք կարող են վտանգի տակ դնել նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական իրականացումը:

Երրորդ՝ համանախագահները կոչ են անում անհապաղ սկսել բարձր մակարդակով խորհրդակցություններ: Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, բայց որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան, նախևառաջ, պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար և նաև ձևակերպել հստակ օրակարգ՛՛:

Նա նշեց նաև, որ Ադրբեջանն իր ռազմատենչ, ապակառուցողական, հայատյաց հայտարարություններով և դիրքորոշումներով խոչընդոտում է նման մթնոլորտի ձևավորմանը:

Այվազյանի կարծիքով՝ ուժեղ համանախագահությունը կարող է նպաստել այդ վստահության մթնոլորտի ձևավորմանը, առավել թիրախային հասցեագրել կողմերից մեկին, այս դեպքում՝ Ադրբեջանին, որ պետք է զերծ մնա հակահայկական թշնամական քարոզչությունից և գործողություններից:

Անդրադառնալով պատգամավորի հարցին՝ արդյոք կա՞ համանախագահների նախատեսված այց տարածաշրջան մոտ ապագայում, թե դեռ վաղ է դրա մասին խոսելը՝ Այվազյանը նշեց. ՛՛Մենք պարբերական շփումներ ունենք համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ՝ բարձր մակարդակով և դեսպանների մակարդակով։ Շփումները շարունակվում են, և կարող եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է ընդունել համանախագահներին՝ տարածաշրջանային այցերի հաստատված պրակտիկայի շրջանակներում՛՛։

 

  • Կիսվել: