ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ մեր դիրքորոշումը մնում է՝ եվրոպական մոդելի պետություն ունենալը․ Մարուքյան

Որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ մեր դիրքորոշումը մնում է՝ եվրոպական մոդելի պետություն ունենալը․ Մարուքյան

Որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ մեր դիրքորոշումն  է եղել և մնում է՝ եվրոպական մոդելի պետություն ունենալը՝ իր խորհրդարանական կառավարման համակարգով։ Այս մասին այսօր` Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ առաջին նիստին  հայտարարեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով,  իրենց այս մոտեցումը որոշակի հարվածներ է ստացել և հնարավոր է սասանվեր պատերազմից հետո՝ ճգնաժամի ընթացքում․ «Այդ ժամանակ ունեցել ենք քննարկումներ, որ միգուցե կիսանախագահական կամ նախագահական կարգը ավելի ճիշտ էր: Բայց պառլամենտական ընտրությունների գնալով և ճգնաժամը դրանով հաղթահարելով՝ հասկացանք, որ այս մոդելը ավելի լավ մոդել է այն իմաստով, որ հաղթողին՝ ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ սկզբունքը չէ, որ գործում էր, և, բնականաբար, ընտրություններով իշխանության չեկողները ստանում են լծակներ և մեխանիզմներ»։ 

Ըստ Մարուքյանի,  իր ղեկավարած կուսակցությունը շարունակում է պնդել, որ  այսօր ունենք կեղծ սահմանադրությամբ  կառավարվող խորհրդարանական համակարգ․  «Ի՞նչ նկատի ունենք խորհրդարանական կառավարում ասելով․ երբ պառլամենտը ընտրում է վարչապետ և ձեռքերը լվանու՞մ է գործադիր իշխանությունից, թե՞ որ պառլամենտը ընտրում է վարչապետ, հաստատում է նախարարություններին, հաստատում է դեսպաններին, ունի հստակ վերահսկողական մեխանիզմներ, դեր է խաղում ամբողջ կառավարման համակարգում»:

Մարուքյանը նշեց, որ իրենց մոտեցումը հիմնվում է բովանդակային պառլամենտական համակարգ ունենալու վրա․«Այն Սահմանադրությունը, որ այսօր գործում է, չի տալիս այդ հնարավորությունները: Ես հիշում եմ իմ բանավեճը Հանրապետության նախագահի հետ, որ անվտանգային հարցերով չպետք է ստեղծվի  միայն Պաշտպանության հանձնաժողովի բազայի վրա և մինչև վերջ իրենք մնացին իրենց կարծիքին: Ես հիշում եմ իմ բանավեճը, որ Քննիչ հանձնաժողովը պետք է իրավունք ունենա որոշում կայացնել, մարդկանց կանչել հանձնաժողով, և նրանք պարտավոր են ներկայանալ, և ես մնացի միայնակ այդ  բանավեճում»:

«Հիմա մենք այստեղ ենք, որ այդ բացերը շտկենք, ունենանք ռեալ պառլամենտական համակարգ կամ  մեր դիրքորոշումը ձևավորենք և գնանք ժողովրդի հետ շփումների քննարկումների և այո, չի բացառվում, որ դոմինանտ մոտեցում լինի, որ պետք է լինի  երկրորդ առաջնային մանդատ ունեցող ընտրովի մարմին՝ որոշակի մեխանիզմներով»,- նշեց Մարուքյանը։ 

Էդմոն Մարուքյանի խոսքով,  իրենք շարունակում են մնալ եվրոպական մոդելի կառավարման կողմնակիցները․ « Բրիտանացիներն են շատ լավ ուսումնասիրած եղել այն ժամանակ և պառլամենտական կառավարման համար առաջարկներ են ներկայացված  եղել բրիտանական փորձի հիման վրա։ Շարունակում եմ պնդել, որ Հայաստանում այդպես էլ մենք չենք անցել ամբողջական խորհրդարանական կառավարման, և պետք է խորհրդարանը ռեալ իր խոսքն ունենա և մեխանիզմներ ունենա պետական կառավարման գործում»։ 

  • Կիսվել: