կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Որոշ ուժեր փորձում են հակառուսական հիստերիա ստեղծել Հայաստանում. Քոչարյան

Որոշ ուժեր փորձում են հակառուսական հիստերիա ստեղծել Հայաստանում. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցի ժամանակ պատասխանել է հարցին, թե արդյոք Ռուսաստանը դավաճանե՞լ է Հայաստանին: Նա ասել է` որոշ ուժեր փորձում են հակառուսական հիստերիա ստեղծել Հայաստանում:

՛՛Այս թեման բարձրաձայնվում էր տևական ժամանակ, նույնիսկ պատերազմից առաջ: Հիմնականում այն ուժերը, որոնք դժգոհ են Հայաստանում ռուսական կողմնորոշումից: Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել, և այդ նույն ուժերը նորից անում են հնարավոր առավելագույնը հակառուսական տրամադրություններ հարուցելու համար: Բայց պատերազմը հրահրողը Ռուսաստանը չէր: Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց պատերազմը կանգնեցնելու համար՛՛,-նշել է Քոչարյանը:

Նա հիշեցրել է հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած առաջարկը ՝ կապված ադրբեջանական բնակչությանը Շուշի վերադարձնելու պայմանով ռազմական գործողությունները դադարեցնելու հետ:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ պատերազմը բոլորովին այլ դասավորվածությամբ դադարեցնելու հնարավորություն կար, բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն չվերցրեց նման որոշման համար: Արդյունքում, ըստ նրա, Հայաստանը շատ ավելին կորցրեց, քան կկորցներ հոկտեմբերի 19-ի դրությամբ:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ինքն ընդհանուր առմամբ վերաբերվում այն փաստին, որ Ռուսաստանը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ Քոչարյանը նշեց՝ եթե Ռուսաստանը չլիներ, Ադրբեջանը կարող էր զենք գնել այլ երկրներից:

  • Կիսվել: