չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Որոշ ուժեր արտաքին ազդեցության տակ են մասնակցում այս ընտրություններին»․ Տիգրան Ավինյան

«Որոշ ուժեր արտաքին ազդեցության տակ են մասնակցում այս ընտրություններին»․ Տիգրան Ավինյան

Երևանին պետք է քաղաքապետ, ով իր թիմի հետ ունակ կլինի լուծել տասնամյակներով չլուծված խնդիրները և անել դա արագ։ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ 

«Միայն այս վերջին տարում հիմնանորոգել ենք 24 մանկապարտեզ, 15 այգի, 200 բակ։ Նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսել ենք իրականացնել 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագիրը (Արզումանյան, Արցախի փողոցներ)։ Ունենք հստակ ծրագիր, հաջորդ փուլում անցնելու ենք 3-րդ կարգի վթարային շենքերին»,- նշել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ Երևանի գլխավոր հատակագիծ ստանալու համար աշխատում են ինստիտուտների հետ, որոնք այս ճանապարհն անցել են տարբեր ետխորհրդային քաղաքների հետ․ «Դա լինելու է օնլայն քարտեզի վրա հստակ ռազմավարություն։ Աշխատանքը կարողանալու ենք իրականացնել 3.5 տարվա ընթացքում»։

Երևանի փոխքաղաքապետն ընդգծել է, որ պատասխանատվությունից երբեք ու որևէ տեղ չի խուսափել. երբ եղել է ավագանի, փոխվարչապետ, փոխքաղաքապետ և չի խուսափի, երբ լինի քաղաքապետ։ 

Ավինյանը նաև տեղեկացրել է, որ բոլոր խոշոր կառուցապատողներին պարտադրել են դնել փոշեորսիչ սարքեր։ 

«2015-16թթ. հետո առաջին անգամ սանմաքրման աշխատակիցներն աշխատում են նաև բակերում։ 2027թ. կոնսերվացնելու ենք Էրեբունու աղբավայրը։ Կառուցելու ենք աղբավերամշակման գործարան»,- նշել է նա։

Տիգրան Ավինյանը կարևորել է Թբիլիսյան-Եղվարդի խճուղի կամրջի կառուցումը, Կրկեսի ու Կինո հայրենիքի անցումները և 4 ավտոկայանատեղիները` Երևանի փոքր կենտրոն մտնող։

«Նույնիսկ բարձրաձայնելու կարիք չկա, որ որոշ ուժեր արտաքին ազդեցության տակ են մասնակցում այս ընտրություններին, քանի որ երևանցիները շատ լավ գիտեն, թե ով ինչի համար և ինչ է անում այստեղ»,- նշել է նա։ 

  • Կիսվել: