ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Որոնք են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում օտարածին բուսատեսակները. ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի բացահայտումը

Որոնք են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում օտարածին բուսատեսակները. ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի բացահայտումը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ իրականացրել են ինվազիվ՝ օտարածին բուսատեսակների դաշտային ուսումնասիրություններ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) և ստեղծել են օտարածին բուսատեսակների ցանկեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, այս օտարածին բույսերը ագրեսիվ են, ներթափանցում են բնական էկոհամակարգեր՝ լիովին փոխելով դրանք և հանգեցնելով կենսաբազմազանության կորստի, առանձին դեպքերում հսկայական վնասներ հասցնելով տնտեսությանը:

«Հետազոտությունը ոչ միայն հիմնարար աշխատանք է, այլև հիմք է ծառայելու օրենսդրական փաստաթղթերի մշակման, հատուկ պահպանվող տարածքներում պահպանության միջոցառումների մշակման և իրականացման համար», - ասել է կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը,  ով ղեկավարում է գիտական խումբը:

Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Գիտնականներն առաջարկել են կազմակերպել ինվազիվ  բույսերի տարածման մշտադիտարկում, լրացուցիչ ուսումնասիրություններ, նաև մշակել դրանց վերահսկմանը, ներթափանցմանն ու տարածման կանխմանն ուղղված միջոցառումներ։

Այդ բույսերն են`

  • «Խոսրովի անտառ» արգելոցում՝ Թխկի հացենիատերևՀազարտերևուկ ասպիրակիԵրկնածառ բարձրավունՏերեփուկ վրացականՏերեփուկ արևայինԽիժաճարճատուկ կնյունանմանՀոտոտ արևելյանԴառը բիանԿառ փշոտՍպիտակ ակացիա:
  • «Էրեբունի» պետական արգելոցում՝ Հազարտերևուկ ասպիրակիԵրկնածառ բարձրավունԿանճրակ թուրքեստանյանՏերեփուկ վրացականՏերեփուկ արևայինԽիժաճարճատուկ կնյունանմանԿոնիզա կանադականԴառը բիանԿառ փշոտ:
  • «Շիկահող» պետական արգելոցում` Թխկի հացենիատերևՀազարտերևուկ ասպիրակիԵրկնածառ բարձրավունԱնթեմ տրիումֆետիիՏերեփուկ վրացականՏերեփուկ արևայինՏատասկ ալեհերԿոնիզա կանադականԲալդրղան թավոտԿտուցախոտ արևելյանՍպիտակ ակացիաԿաթնափուշ բծավորԼվածաղիկ սովորականԽռնդատ փռված:
  • «Սևան» ազգային պարկում՝ Հազարտերևուկ ասպիրակիՏերեփուկ արևայինԽիժաճարճատուկ կնյունանմանՏատասկ ալեհերԳինազոխ բծավորՉիչխան դժնիկանմանՍպիտակածաղիկ սովորականԿառ փշոտԿտուցախոտ արևելյան, Լվածաղիկ սովորականԽռնդատ փռվածԱնմեռուկ չռված:
  • «Արփի լիճ» ազգային պարկում՝ Գազ այծմորուքանմանԽիժաճարճատուկ կնյունանմանՏատասկ ալեհերՍպիտակածաղիկ սովորականԼվածաղիկ սովորական:
  • «Դիլիջան» ազգային պարկում՝ Թխկի հացենիատերևՀազարտերևուկ ասպիրակիԵրկնածառ բարձրավունԱմբրոզիա օշինդրատերևՏատասկ ալեհերՀոտոտ խաղողատերևԿոնիզա կանադականԲալդրղան ՍոսնովսկուԲալդրղան թավոտՍպիտակ ակացիա:
  • «Արևիք» ազգային պարկում` Թխկի հացենիատերևՀազարտերևուկ ասպիրակիԵրկնածառ բարձրավունԿանճրակ թուրքեստանյանՏերեփուկ վրացականՏատասկ ալեհերՀոտոտ արևելյանԿոնիզա կանադականԴառը բիանԿառ փշոտՍպիտակ ակացիաԿաթնափուշ բծավորԼվածաղիկ կուսատերևԽռնդատ փռվածԱնմեռուկ չռված:

Ուսումնասիրություններն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ)՝ «Ինվազիվ բուսատեսակների կողմից Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հասցվող վտանգների գնահատում» թեմայի ֆինանսավորման շրջանակներում։

Ծրագրի արդյունքում 2020թ. լույս է  տեսել «Բույսեր նախահարձակներ. Հայաստանի առավել կարևոր էքսպանսիվ և ինվազիվ բուսատեսակները» 88 էջանոց մենագրությունը, որի համահեղինակներն են  Գեորգի Ֆայվուշը, Ալլա Ալեքսանյանը, Հռիփսիմե Հովհաննիսյանը: 

«Չնայած այն փաստին, որ մենագրությունը լույս է տեսել հայերենով, սակայն մեծ հետաքրքրություն է առաջացրել օտարերկրյա գործընկերների շրջանում, ովքեր, առցանց ծանոթանալով գրքին, բազմաթիվ դրական կարծիքներ են հայտնել՝ կարևորելով նման հետազոտությունը թե՛ ազգային, թե՛ միջազգային գիտական հանրության համար։ Մենագրությունը մեծ դրական արձագանք է գտել նաև Հայաստանի գիտնականների և Շրջակա միջավայրի նախարարության կողմից»,- նշել է գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության բաժնի վարիչ, միջազգային ծրագրերի փորձագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը:

Նրա խոսքով՝ հետազոտության արդյունքները դեռևս մշակման փուլում են և ընդգրկվելու են հոդվածների շարքում։ «Այս հետազոտությունը միայն սկիզբն է այն հսկայածավալ ուսումնասիրությունների, որոնք պլանավորել ենք իրականացնել առաջիկա տարիներին գիտության այս ուղղությամբ՝ ընդգրկելով նաև միջազգային գործընկերներին», - հավելել է Գեորգի Ֆայվուշը։

  • Կիսվել: