երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Որևիցե խնդիր չեմ տեսնում. Արմեն Գրիգորյանը՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մասին

Որևիցե խնդիր չեմ տեսնում. Արմեն Գրիգորյանը՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մասին

Ես կարծում եմ, որ ընդհանուր միջազգային կառույցների արձագանքի տեսանկյունից այդ հայտարարությունը պետք է ընդհանուր կոնտեքստի մեջ նայել, և ես միջազգային կառույցների կողմից արված հայտարարությունների մեջ լուրջ խնդիրներ չեմ տեսնում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջիանի Բուքիքիոյի՝ Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացների մասին արված հայտարարությանը:

ԱԽ քարտուղարը միջազգային հանրության կողմից արձագանքների մեջ որևիցե խնդիր չի տեսնում։

«Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակվելու է, այդտեղ մենք որևէ հարցում հետընթաց չենք ունենալու, և ժողովրդավարության կառուցման մեջ առաջին հերթին հետաքրքրված ենք մենք և մեր ժողովուրդը: Ես համոզված եմ, որ բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն ժողովրդավարացման պրոցեսում, մենք առաջնահերթությունը տալու ենք ներքին քաղաքականությանը և ներքին պահանջին»,-ասաց Գրիգորյանը։

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարությունը՝ ստորև

«2019-ի հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց հակամարտության պատճառով: Կիսում եմ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների մտահոգությունն այս հարցի շուրջ:

Կցանկանայի հիշեցնել Վենետիկի հանձնաժողովի՝ 2019 թվականի հոկտեմբերին ընդունած եզրակացությունում նշվող առաջարկությունների մասին առ այն, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է շարունակի իրապես կամավոր լինել, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա և պետք է այնպես մշակվի, որ չազդի դիտարկվելիք գործերի արդյունքի վրա:

Վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստի իրավիճակի սրումից խուսափելուն:

Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև:

Կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և խուսափել այս մտահոգիչ իրավիճակի սրումից՝ ապահովելու համար Հայաստանում սահմանադրության նորմալ գործունեությունը»:

  • Կիսվել: