Որևէ նորություն չունենք, որ ՀԱՊԿ-ն իրական քայլեր է պատրաստում՝ ստիպեու Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի սուվերեն տարածքից. Գրիգորյան
Խաղաղության պայմանագիրը մի գործընթաց է, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային մեխանիզմի ստեղծումը՝ մեկ այլ գործընթաց: Այս մասին հոկտեմբերի 12-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք այս մոտեցումը արձանագրվա՞ծ է, եւ կողմերը համաձա՞յն են այդպես շարժվել, ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ իրենց ընկալումն այնպիսին է, որ իրենք այս ուղղությամբ են շարժվում:
՛՛Եթե որեւիցե հավելյալ մոտեցման փոփոխություն չլինի, այս տրամաբանությամբ պետք է առաջ շարժվենք՛՛,-պարզաբանեց Գրիգորյանը:
Նա անդրադարձավ նաեւ ադրբեջանական կողմի ուղարկած ընդլայնված առաջարկներին՝ կապված խաղաղության պայմանագրի հետ: Այս առնչությամբ Գրիգորյանն ասաց, որ այդ առաջարկները ՀՀ արտգործնախարարը ստացել է Ժնեւում. ՛՛Մենք այս պահին աշխատում ենք այդ առաջարկի վրա, եւ ես հույս ունեմ, որ շուտով մենք կպատասխանենք այդ առաջարկներին, եւ հնարավորություն կլինի հանդիպելու եւ քննարկելու դրանք՛՛:
Ըստ Գրիգորյանի՝ ադրբեջանական կողմի ընդլայնված առաջարկները նախկինում ներկայացված հինգ սկզբունքների տրամաբանության մեջ են:
Միջազգային հանրությունը, Գրիգորյանի խոսքով, միշտ էլ ասել է, որ իրենք հասկանում են, որ Հայաստանը կարող է առաջ շարժվել բոլոր բանակցություններում, եթե համոզված լինի, որ Լեռնային Ղարաբաղում ապրող բոլոր հայերի համար ստեղծված են անվտանգության եւ իրավունքների պաշտպանության երաշխիքներ:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի այն հայտարարությանը, որ ՌԴ առաջարկն ավելի հավասարակշռված է կողմերի համար՝ ԱԽ քարտուղարն ասաց, որ դեռ պետք է հասկանան` արդյոք Բաքուն ընդունու՞մ է այդ առաջարկները, որ կարողանան առաջ շարժվել:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ռուսաստանը տարածաշրջանում ներկա է եւ ներկա է լինելու, իրենց նպատակը կայունություն եւ անվտանգություն ապահովելն է: Մենք տեսնում ենք, որ հենց անցած տարի մայիսից սկսած Ադրբեջանը առնազն երեռք լայնածավալ հարձակում է իրականացրել, եւ ես չեմ կարծում, որ տիկին Զախարովան չի ուզում, որ Հայաստանի համար անվտանգության երաշխիքներ լինեն:
Իրենք բազմիցս ասել են, որ հետաքրքրված են անվտանգությամբ եւ կայունությամբ, եւ դրա համար ենք մենք հրավիրում Եվրամիությանը, որպեսզի արձանագրենք, թե ով է առաջինը հարձակվել, եւ կարողանանք կայունություն ապահովե,լ եւ, բացի դրանից նաեւ Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերել: Հայաստանը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ, բոլոր այն երկրների հետ, որոնք կփորձեն աջակցել այս գործընթացին, կփորձենք աշխատել՛՛:
Հարցին, թե ինչ նորություն կա ՀԱՊԿ-ից, Գրիգորյանը պատասխանեց. ՛՛Որեւէ նորություն չունենք, որ ՀԱՊԿ-ը պատրաստում է քայլեր իրական, որ Ադրբեջանին ստիպի Հայաստանի սուվերեն տարածքից դուրս գալ: Կարծում եմ` ՀԱՊԿ-ում արդեն տեղյակ են, թե Ադրբեջանը ինչպիսի ձեւակերպումներ է տալիս եվրոապական մայրաքաղաքներում ՀԱՊԿ-ի մասին, ես կարծում եմ` դրա մասին ՀԱՊԿ-ում պետք է մի քիչ լուրջ մտածեն՛՛:
Գրիգորյանը հավելեց, որ դեռ սպասում են ՀԱՊԿ-ի արձագանքին:



