Որևէ միջանցքի հարց մեր կողմից քննարկման ենթակա չէ. ՀՀ նախագահ
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ժամանակ որևէ միջանցքի հարց չի քննարկվում: Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը, հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է միջանցքի մասին, շեշտել է, որ հայկական կողմի համար անընդունելի է ցանկացած միջանցքային տրամաբանություն:
«Այդպիսի հարց մեր կողմից ընդհանրապես չի քննարկվում, այդ հարցը չի քննարկվում նաև մեր ռուս և եվրոպացի գործընկերների հետ քննարկումների ժամանակ: Այդ հարցը մեր կողմից քննարկման ենթակա չէ: Մենք այլ հարց ենք քննարկում, Ադրբեջանն ասում է, որ ուզում է կապ հաստատել Նախիջևանի հետ: Մենք ասել ենք, որ առարկություն չունենք, կարող եք օգտագործել մեր տրանսպորտային հնարավորությունները, եկեք մտածենք՝ ոնց կարող ենք առկա մաքսային, սահմանային հսկողության ռեժիմները միջազգային գործող միջազգային նորմերի շրջանակներում երկկողմ թեթևացնել: Եվ քննարկումները սկսվել են: Հետաքրքիր հարց կա, մենք ասում ենք եկեք սկզբունքները քննարկենք, ադրբեջանցիներն ասում են մեզ տվեք կոորդինատներ, թե որտեղով են անցնելու ճանապարհները: Մենք ասում ենք, ոչ, եկեք քննարկենք սկզբունքները, որովհետև սկզբունքները քննարկելուց հետո մնացածը մեզ համար շատ ավելի հեշտ է»,- ասել է Խաչատուրյանը: