հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Որևէ դատարան չի կարող սրբագրել Մարտի 1-ի զարհուրելի հանցագործությունը, որևէ մեկը չի մոռանա Քոչարյանի դերակատարությունը. Արման Բաբաջանյան

Որևէ դատարան չի կարող սրբագրել Մարտի 1-ի զարհուրելի հանցագործությունը, որևէ մեկը չի մոռանա Քոչարյանի դերակատարությունը. Արման Բաբաջանյան

Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը օրերս ներողություն խնդրեց ՍԴ սխալ դատավորներ ընտրելու համար, և ես կարծում էի, որ նման հայտարարություն կլինի «Իմ քայլը» խմբակցության անունից: Այդ մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Պատգամավորի խոսքով՝ որևէ դատարան չի կարող սրբագրել Մարտի 1-ի զարհուրելի հանցագործությունը, որևէ մեկը չի մոռանա Քոչարյանի դերակատարությունը Մարտի 1-ի իրադարձություններում, որը, ըստ Բաբաջանյանի, իրականացվել է ոստիկանության, բանակի և քրեաօլիգարխիայի միջև հանցավոր համաձայնությամբ: 

Նա թվարկեց 10 զոհերի անունները և ներողություն խնդրեց նրանցից այս փուլում նման մեծ տապալման համար:

«Մենք չկարողացանք դատական արդար քննությամբ հասնել ճշմարտության բացահայտմանը, բայց հույս ունեմ, որ մեզ, ի վերջո, հաջողվելու է բացահայտել կատարվածի ողջ պատկերը»,- ընդգծեց պատգամավորը:

Բաբաջանյանը կարծում է, որ ՍԴ որոշումից հետո հին իշխանությունները փորձելու են հասնել ռևանշի և վերականգնել հին համակարգը:

«Ձեռնոցը նետված է, և մենք պետք է համախմբենք և փոխենք միջավայրը՝ փոխելով նաև դատական համակարգը: Այսօր դատական համակարգն իր վիճակի չէ իրականացնել արդարադատություն, և մեզ անհրաժեշտ է իրականացնել արմատական փոփոխություններ: Վաղը՝ ժամը 13:00-ին, ԲԴԽ շենքի առջև «Հանուն Հանրապետության» կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացնելու: Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր այս տարիներին տուժել են անօրինություններից»,- ասաց պատգամավորը:

  • Կիսվել: