ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Օրենսդրորեն կկարգավորվի համայնքների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացը

Օրենսդրորեն կկարգավորվի համայնքների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացը

Համայնքների միավորման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել, որ համայնքները նույնպես ունենան միջնաժամկետ ծախսային ծրագրեր, և պլանավորեն առաջիկա 3 տարիների եկամուտներն ու ծախսերը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Վերոնշյալից ելնելով՝ Կառավարությունն առաջարկում է օրենսդրորեն կարգավորել համայնքների ՄԺԾԾ-ների կազմման գործընթացը: Այն հնարավորություն կստեղծի միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները:

Փաթեթով առաջարկվում է, որ համայնքի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնի միջնաժամկետ ծախսային ծրագրերը՝ նախատեսելով առաջիկա 3 տարիների եկամուտները և ծախսերը, այդ թվում՝ սուբվենցիոն և այլ ծրագրերը, դրանք հրապարակի պաշտոնական կայքում ու ներկայացնի մարզպետին:

«Օրենսդրական փաթեթին զուգահեռ այժմ մշակվում են համայնքի 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները»,- տեղեկացրել է նախարարը:

Զեկուցողի խոսքով՝ նախաձեռնության վերաբերյալ քննարկումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, որոնց հիման վրա առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կիրականացվեն տեխնիկական փոփոխություններ:

Գլխադասային՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում նախաձեռնությունը քննարկվել և արժանացել է դրական եզրակացության. այս մասին բարձրաձայնել է պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը:

Կառարավարության հեղինակած «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունները քննարկվել են մայիսի 24-ին գումարված ԱԺ հերթական նիստում՝ առաջին ընթերցմամբ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է նաև Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվում է ստեղծել իրավական հիմք՝ լիազորելու ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման մարմնին հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և դրա հետ կապված դրույթների կիրարկման ուղեցույցները:

  • Կիսվել: