շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որ բնակարանն է վաճառել Հյուսիսային պողոտայում հաշվառված Վիգեն Սարգսյանը՝ ԱՄՆ-ում թանկարժեք գույք գնելու համար

Որ բնակարանն է վաճառել Հյուսիսային պողոտայում հաշվառված Վիգեն Սարգսյանը՝ ԱՄՆ-ում թանկարժեք գույք գնելու համար

ՀՀ պաշտպանության նախկին՝ «նախահեղափոխական նախարար» Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ-ում թանկարժեք գույք՝ բնակարան գնելու փաստը վերջին օրերին մեծ աղմուկի ու բուռն քննարկման առիթ է դարձել։ Բուռն՝ ճիշտ այնքան, որքան բանակային ծառայությունը պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի «ընդունարանում անցկացրած» Վիգեն Սարգսյանին 2016 թ-ին ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակելն էր։ Մինչ պաշտպանության նախարար դառնալը, հիշեցնենք, Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի (2011 թ․ հոկտեմբերի 17-ից) պաշտոնը։ Այս մասին գրում է Armtimes.com-ը։

Նշենք, որ Վիգեն Սարգսյանի ձեռք բերած թանկարժեք գույքի մասին օրերս «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը։ Վերջինիս հրապարակած տեղեկանքն ապացուցում է, որ այս տարվա մայիսին Վիգեն Սարգսյանը եւ նրա կինը՝ Լուսինե Գալաջյանը, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում 2,050,000,00 դոլարով առանձնատուն են ձեռք բերել։

 

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Արման Բաբաջանյանի հրապարակած տեղեկանքը, իսկ պարոն Սարգսյանն արդեն մամուլում պարզաբանել է, թե ինչպես է ձեռք բերել թանկարժեք գույքը։

«Գրեթե 5 տարի չհանդիսանալով հանրային ծառայող՝ աշխատում եմ ԱՄՆ-ում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում, ունեմ կայուն եկամուտ: Երեք տարի վարձով բնակվելուց հետո կնոջս հետ կայացրինք ծանր որոշում՝ վաճառելու 2013 թվականին, այսինքն՝ իմ՝ պաշտպանության նախարար լինելուց երեք տարի առաջ ձեռք բերած մեր բնակարանը Երեւանում եւ մեր բնակության համար այստեղ տուն ձեռք բերել»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով․ «ԱՄՆ-ում իմ տան հասցեն անձամբ եմ հայտնել Հայաստանի պատկան մարմիններին՝ անհրաժեշտության դեպքում ինձ հետ կապ հաստատելու հնարավորություն տալու համար»։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքից այնպիսի տպավորություն է, որ նա, զգալով թեմայի զգայունությունը, փորձում է արդարանալ՝ թանկարժեք առանձնատան ձեռք բերման ժամկետը հատուկ շեշտելով։

Պաշտպանության նախարար աշխատելուց առաջ էլ Վիգեն Սարգսյանը ոչ պակաս կարեւոր պաշտոն էր զբաղեցնում։ Արդ, հարց է ծագում, թե ինչպե՞ս, քանի՞ գիշեր ու ցերեկ չքնելու, աշխատելու, քանի՞ տոննա հալալ քրտինք թափելու միջոցով է նա ձեռք բերել այն, ինչ ներկայացրել է իր հայտարարագրերում։    

Վիգեն Սարգսյանը, հիշեցնենք, ԱՄՆ է մեկնել 2019-ի հունիսին, ի դեպ, մեկ տարով՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում լրացուցիչ կրթություն ստանալու։ Նա հայրենիքը լքած երկրորդ պաշտպանության նախարարն է ՌԴ քաղաքացի հանդիսացող Միքայել Հարությունյանից հետո։ Երբ Վ․ Սարգսյանը մեկնում էր ԱՄՆ, շատերը նրա այս քայլը մեկնաբանում էին որպես «երկրից փախչելու» պատրվակ, քանի որ երկիրը լքող չինովնիկներն արտերկիր կա՛մ բուժվելու նպատակով էին մեկնում, կա՛մ էլ՝ սովորելու կամ դասավանդելու՝ դառնալով «Նոյի ագռավ»։ Փաստ է, որ Սարգսյանը շուրջ 4 ու կես տարի է, ինչ ԱՄՆ-ում է եւ այդպես էլ չի վերադարձել հայրենիք։

Հատկապես ո՞ր բնակարանն է վաճառել Վիգեն Սարգսյանը՝ Աբովյան փողոցի՞, թե՞ Հյուսիսային պողոտայի 

Այժմ անդրադառնանք նախկին նախարարի պարզաբանման այն հատվածին, որտեղ վերջինս շեշտում է, թե երեք տարի վարձով բնակվելուց հետո կնոջ հետ կայացրել է ծանր որոշում՝ վաճառելու 2013 թվականին ձեռք բերած բնակարանը։  

Վիգեն Սարգսյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա 2013 թ-ին վաճառել է իրեն պատկանող երկու գույք՝ բնակարանն ու ավտոտնակը համապատասխանաբար 72.8 միլիոն եւ 7.2 միլիոն դրամով եւ նույն տարում էլ 47 միլիոն եւ 3 միլիոն դրամով կրկին բնակարան եւ ավտոտնակ է գնել: Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակ Վիգեն Սարգսյանը փոխել է բնակության վայրը, քանի որ նույն գործարքն արտացոլված է նաեւ նրա կնոջ՝ Լուսինե Գալաջյանի՝ նույն տարում լրացրած հայտարարագրում:

2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորած Վիգեն Սարգսյանը ԿԸՀ էր ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թ․նոյեմբերի 1-ից մինչեւ 2018 թ․ հոկտեմբերի 31-ը:

Վիգեն Սարգսյանը հայտարարագրել է 2 բնակարան Հյուսիսային պողոտայում՝ 159.8 քմ, եւ Աբովյան փողոցում՝ 117 քմ, 2 ավտոտնակ Հյուսիսային պողոտայում՝ 24 քմ, Աբովյան փողոցում՝ 35 քմ, որպես տրանսպորտային միջոց՝ «Տոյոտա Կորոլա» (2017 թ.) ավտոմեքենա։ Հաշվետու ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 9 միլիոն 424 հազար դրամ եւ 85 հազար դոլար: Գումարը ստացվել է 4 աղբյուրից. պաշտպանության նախարարությունից ստացած աշխատավարձից, «Լույս» հիմնադրամից ստացած աշխատավարձից՝ մոտ 5 միլիոն 400 հազար դրամ, եւ Աբովյան փողոցի վրա գտնվող «Ալեքսանդր» հյուրանոցից ստացած վարձավճարից, որը կազմել է 4 մլն դրամ։ ՀՀԿ նախընտրական շտաբի հավաստմամբ՝ հյուրանոցը Վիգեն Սարգսյանին վճարել է իր աշխատակցին տրված վարձով բնակարանի գումարը: Իսկ այ 85 հազար դոլարը Վիգեն Սարգսյանը նվիրատվություն է ստացել ոմն Արամ Հովհաննիսյանից:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Վիգեն Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 5 միլիոն 925 հազար դրամ, 6100 եվրո եւ 45 հազար դոլար:

Նշենք, որ, ըստ ԿԸՀ ընտրողների ռեգիստրի, Վ․ Սարգսյանը հաշվառված է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ Պ. 5 32 հասցեում, իսկ նրա կինը՝ Լուսինե Գալաջյանը՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ Պ. 5 31 հասցեում։

Ենթադրում ենք, որ Սարգսյանը վաճառել է Աբովյան փողոցում գտնվող իր բնակարանը, որը, ինչպես նշեցինք, ձեռք էր բերել 47 մլն դրամով։ Թե ի՞նչ գնով է այն վաճառել, որ կարողացել է 2 մլն դոլարանոց գույք գնել ԱՄՆ-ում, կամ արդյո՞ք միայն Երեւանի բնակարանի վաճառքից գոյացած գումարով է գնվել հիշյալ գույքը, թե՞ դրան գումարվել է նաեւ Սարգսյանի՝ ԱՄՆ-ում կատարած աշխատանքից ստացվող «կայուն եկամուտը», թերեւս պետք է պարզեն պատկան մարմինները։

Ի՞նչ ճակատագիր ունեցավ քրեական գործը, որում շոշափվում էր Վիգեն Սարգսյանի անունը

Դեռեւս 2019-ի սեպտեմբերին, երբ Վ․ Սարգսյանն արդեն լքել էր երկիրը, ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված նախաքննության ընթացքում «բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար»:

Վիգեն Սարգսյանի անունը շոշափող քրեական գործի հարուցումից հետո գործը գնդակի պես ՔԿ-ից ՀՔԾ-ին էր «նետվում», եւ տպավորություն էր, թե պատկան կառույցները միմյանց վրա են «գցում» քննությունը՝ գործն ուղարկելով մեկը մյուսին։ Ինչպես պարզվեց կայքերից մեկի՝ ս․թ․ փետրվարին Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե ուղարկված հարցմանը տրված պատասխանից՝ երեք տարի քննվող քրեական գործով այդպես էլ որոշում չի կայացվել Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների հերթացուցակում հաշվառված զինծառայողներին 2018 թ․ հունվարին ՀՀ ՊՆ համապատասխան որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ հատկացնելու փաստով։ Քրգործի նախաքննությամբ, ըստ ՔԿ-ի, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ․ հունվար ամսում բնակարանների բաշխում իրականացնելու ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Վիգեն Սարգսյանը, քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ թույլ տված անձանց շրջանակը պարզելու եւ նրանց արարքներին իրավական գնահատական տալու նպատակով։ «Վիգեն Սարգսյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան»։

ՀՀ գլխավոր դատախազությունը նույնպես փաստել է, որ Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ, հետեւաբար, նրա նկատմամբ որեւէ խափանման միջոց չի ընտրվել եւ հետախուզում չի հայտարարվել։

Ի դեպ, արձագանքելով հարուցված վերոհիշյալ քրեական գործին՝ ԱՄՆ-ում ուսում ստացող Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուք»-ում գրել էր․ «Ես վրդովված եմ, բայց նաեւ հանգիստ, քանի որ բնակարանների բաշխման պատմությանն ու այս առանձին գործով քննվող գործընթացին առնչություն ունեցող անձինք, այդ թվում՝ բնակարան ստացածներն ու չստացածները, քաջատեղյակ են, որ գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, հստակ սկզբունքներով եւ չափանիշներով: Ամբողջ ընթացքը եւ վերահսկողությունը իրականացրել է համապատասխան հանձնաժողովը՝ իր որոշումների առանցքում ունենալով մարտական ուղի անցած զինծառայողների առաջնահերթության սկզբունքը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: