երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Օնիկն ու Սերժ Սարգսյանն ամենավերջին խոսքերն են ասել իմ մասին․ Փաշինյանը բացեց փակագծերը

Օնիկն ու Սերժ Սարգսյանն ամենավերջին խոսքերն են ասել իմ մասին․ Փաշինյանը բացեց փակագծերը

Տավուշում աչաջուրցիների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը որոշեց պատմել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել իր ու ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի միջև:

«Ես վարչապետ եմ դարձել, Օնիկը եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ գեներալ մայորի կոչումով: Հետո իմ միջնորդությամբ նրան շնորհվել է գեներալ լեյտենանտի կոչում, պատերազմի ժամանակ իմ նախաձեռնությամբ շնորհվել է գեներալ գնդապետի կոչում:

Երբ ես միջնորդել եմ Օնիկին նշանակել ԳՇ պետ, ես նրան մի բան եմ ասել, որ մի բանից եմ վախենում: Ասել եմ, որ իմ կարծիքով դու նախկին իշխանությունների հետ ահագին ամուր կապեր ունես: Ինքն ասաց, որ այդտեղ խնդիր չկա, չանհանգստանամ:

Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ես Օնիկին վստահել եմ հարազատ ախպոր նման, նրա ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Երբ ինքը նշանակված էր, հուլիսյան պատերազմի ժամանակ ԱԱԾ-ն ինձ մի դրվագի մասին ասաց, որ ինքը սխալ է զեկուցել: Ես ասացի, որ չեմ հավատում, բացառված է: Խոսեցինք իր հետ, նա ասաց, որ սխալ չի զեկուցի, ես ասացի, որ հավատում եմ իրեն: Այդպես եղել է մինչև պատերազմն ավարտվելուց հետո:

Պատերազմի ընթացքում եղել է, որ Արցախից եկել են ասել են, որ այս դրվագը սենց ա, ես զանգել եմ, հարցրել եմ Օնիկին: Մենք եկել ենք եզրակացության, որ պատերազմի դրվագներով պետք է լսեմ միայն նրան: Ես համաձայնվել եմ դրա հետ:

Այս խոսակցությունը բացվել է երկու պատճառով: Մեկը նոյեմբերի 20-ի իրադարձությունների պատճառով: Այդ օրն Օնիկը գնում է Սյունիքի մարզ, հանդիպում ունենում որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառներով ճանապարհին հեռախոսազրույց է ունենում Սերժ Սարգսյանի հետ, իմ մասին ասում են ամենավերջին բառերը, հետո պայմանավորվում են, որ պետք է իրար հետ հանդիպեն:

Այդ իրիկուն Օնիկն ասաց, որ ուզում է գալ մոտս, ես ասացի, որ գա: Մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը: Ինքն ասում է, որոշում կայացնեմ հրաժարական տամ: Ես ասում եմ՝ Օնիկ ջան, քանի օր չես քնել: Ասում է 4-5 օր: Ես նրան խնդրում եմ գնալ քնել, հանգստանալ, խոսակցությունը մոռանալ:

Հետո կանչում ու ասում եմ, որ շարունակում եմ անվերապահորեն վստահել իրեն՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ: Ես ասացի, որ կմոռանամ այդ պատմությունը, որ ասել է ես հրաժարական տամ:

Դրանից հետո զգում եմ, որ քաղաքական ազդեցություն կա շտաբի նկատմամբ: Դրանից հետո ի հայտ են գալիս դրվագներ, որից ես համոզվում եմ, որ շատ բաներ ինձ ճիշտ չի զեկուցվել: Դրա արդյունքում ի հայտ են գալիս խնդիրներ:

Ի վերջո խոսակցություն է բացվում, որ ԳՇ-ն կարող է իմ հրաժարականը պահանջի: Ես նրան ասում եմ, որ նման բաներ ինձ հետ չի անցնելու: Ես ասացի, որ պատրաստ եմ մոռանալ, թող դուրս գա այդ տրամաբանությունից:

Ի վերջո ինձ համար ակնհայտ է դառնում, որ ԳՇ-ն անցնում է ընդդիմության շարքերը»,-ասաց նա՝ նշելով, որ հենց Օնիկ Գասպարյանն է առաջարկել Ազգային հերոսի կոչում տալ Տիրան Խաչատրյանին:

«Այսօր Տիրան Խաչատրյանը վեր է կենում ու իմ հասցեին ամենավերջին բառերն է ասում: Եթե Տիրան Խաչատրյանը գտնում է, որ ես այդ մարդն եմ, թող իրեն տված հերոսի կոչումից հրաժարվի:

Եթե արժանապատիվ սպա է ու համարում է, որ իրեն հերոսի կոչում տվողը ոչ մի բան չի հասկանում, պետք է հրաժարվի այդ հերոսի կոչումից»,-ասաց նա:

«Հաջորդ դրվագը: Լուրեր են տարածվում, թե նոյեմբերի 9-ին թուղթը ստորագրելիս ես մղվել եմ Տավուշի գյուղերի վերաբերյալ կետը ստորագրելուն ու Օնիկն է ինձ զգուշացրել, թույլ չի տվել այն այդ տարբերակով ստորագրել:

Իրականությունը հակառակն է եղել: 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասաց, որ պետք է ստորագրել: Այդ ժամանակ էլ ես չեմ մեղադրել, համարել եմ, որ նա պատերազմին մասնակցած մարդ է: Այդ պահին նա կարող է այդպիսի դիրքորոշում է ունեցել: Ես նրան մեղադրում եմ հիմա հակառակ լուրերը տարածելու համար:

Եթե որևէ մեկն իրավունք ուներ ասելու, որ այդպես ստորագրեմ, ինքն էր, քանի որ ինքն է այստեղ այն տարիներին ոտքը կորցրել: Եթե իր գնահատականն այդ էր, ես չէի հարցնի, թե ինչու է նման բան ասում: Ես ուղղակի ասացի, որ դա բացառված է, այդպես չեմ ստորագրի ու այնպես ենք արել, որ այդ կետը դուրս գա:

Ես հիմա հարց եմ տալիս՝ ինչո՞ւ է հակառակ լուրը տարածում: Այդ փաստի վերլուծությունն ինձ հետևությունների է բերում, որ ինքն ինձ ասում էր ստորագրեմ, քանի որ որքան վատը լիներ այդ թուղթը, այնքան մեծ պայթյուն կլիներ ու կքշեր կտաներ ինձ»,-ասաց նա:

«Մի այդպիսի դրվագ էլ Շուշիի մասով կա: Երբ ինքն ինձ ասում էր, որ 150 մեքենաներով շարասյուն էր, մենք ասում էինք, որ խփեք, մեզ ասում էին, որ մի քանի ավտոն ներկայացնում են որպես 150-200 ավտո»,-ասաց նա:

«Սա ընտանեկան խոսակցություն է, որը պետք է լինի այստեղ: Ես այդ հարաբերություններում անազնիվ բան չեմ արել: Ես սա ասում եմ ձեզ համար, ես գիտեմ, որ այդ հարցը ձեր ներսում կա: Ես այսօր ասում եմ, որ բոլոր բարոյական նորմերը պահել եմ, դուք դա պետք է իմանաք»,-հավելեց նա:

  • Կիսվել: