Օգոստոսի 8-ից հետո երկու կողմից էլ գիշերն օդ կրակոցներ եղել են, սակայն սահմանին թիրախային կրակոցներ չեն եղել. Ռիտեր
Մենք անաչառ ենք, անկողմնակալ, միայն Ադրբեջանի տարածքին չենք նայում, դիտարկում ենք նաև Հայաստանի տարածքը, հաղորդում՝ ինչ է կատարվում Հայաստանում՝ դիրքերի ամրապնդում, ուժեղացում, նոր ուժերի ավելացում։ Սահմանում տեսանելի ենք երկու կողմին էլ: Օգոստոսի 8–ից հետո երկու կողմից էլ գիշերն օդ կրակոցներ եղել են, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել սահմանին, սահմանային դիրքերի միջեւ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ հավելելով, որ հեռադիտակներից զատ՝ տեսախցիկներ ունեն, լուսանկարներ են անում սահմանից, արխիվացնում են տվյալները, Բրյուսելին զեկույցներ ներկայացնում
Նա, մասնավորապես, նշեց. «Անցած տարվա մայիսից միջադեպերի քանակը կտրուկ նվազել է, իսկ Վաշինգտոնյան հանդիպումներից հետո ոչ մի միջադեպ չի գրանցվել։
2025 թվականի գարնանը կրակոցներ են եղել Գորիսից հյուսիս և Սոթքից արևելք ընկած հատվածում։ Մենք դիտարկել ենք, և այդ միջադեպերը դադարել են։
Միջադեպեր եղել են 2023 թվականի ամռանը՝ ծավալուն, Երասխում, Սոթքում, Ներքին Հանդում՝ 2024 թվականին։
Ներքին Հանդի միջադեպը վերջինն էր, որ մենք զեկույց ենք ներկայացրել, այսինքն՝ 2024թ.–ի փետրվարից հետո այդպիսի միջադեպեր չեն եղել։
2024–ի գարնանը մեզ խնդրել են, որ Խաչիկ գյուղում հսկենք, որ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնեն, մոտ 4 շաբաթ ամեն օր էնտեղ ենք եղել, իսկ 2025թ.–ին չեն խնդրել, դա նշանակում է՝ գյուղացիները հանգիստ են: Ես հպարտանում եմ, որ միջադեպերը դադարել են սահմանին»։
Ռիտերը հաստատեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ վավերացումից հետո այլեւս իրենք առաքելություն չեն իրականացնի սահմանին։
«Թեեւ կոնկրետ չի նշվում, որ խոսքը մեր մասին է, բայց մենք գիտենք, որ երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի, մեր կարիքն այլեւս չի լինի, մեր կարիքը չի լինի սահմանին, սակայն մենք շարունակելու ենք այցելել սահմանամերձ համայնքներ։ Կա փոխհամաձայնություն, որ շարունակենք մեր աշխատանքը, այցելություններ կատարենք սահմանամերձ համայնքներ»,-նշեց նա՝ հավելելով, որ հիմա ավելի մեծ շանս կա խաղաղության ու ապագայի։
«Նորություններ կան, որ նավթով ու գազով գնացքներ են գալիս Հայաստան, դա վստահություն է ներշնչում»,-ասաց Ռիտերը:


