շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. Լավրովը՝ Չավուշօղլուին

Ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. Լավրովը՝ Չավուշօղլուին

Թուրքիան անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանը և Հայաստանը որքան հնարավոր է շուտ ստորագրեն համապարփակ խաղաղության համաձայնագիր, ուստի կշարունակի խորհրդակցություններն այս հարցով, այդ թվում՝ Ռուսաստանի հետ: Այս մասին այսօր ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն` իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո:

Համատեղ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն նաև նշել է, որ երեկ և այսօր Լավրովի հետ քննարկել են Հարավային Կովկասին, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Լավրովն էլ ասել է, որ Մոսկվան աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՛՛Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է մեր աջակցությամբ: Ողջունում ենք տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունն ապաշրջափակելու ջանքերը։ Անշուշտ, մենք ողջունում ենք Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնումը՛՛:

Բացի այդ՝ Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել եռակողմ պայմանավորվածություններ, որոնք այսօր էլ մնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքում, մինչդեռ արտաքին ուժերը փորձում են խոչընդոտել։

՛՛Հուսով ենք, որ մեր ոչ տարածաշրջանային գործընկերները չեն միջամտի այս գործընթացին, այլ կուղղորդեն կողմերին եռակողմ համաձայնագրերի խստորեն իրականացմանը՛՛,-շեշտել է ՌԴ ԱԳ նախարարը:

  • Կիսվել: