ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օդում կախված հարցը ՀՀ-ում այն է, թե արդյոք ժողովրդավարությունն ի զորո՞ւ է երաշխավորել անվտանգությունը և կայունությունը մեր տարածաշրջանում. Փաշինյան

Օդում կախված հարցը ՀՀ-ում այն է, թե արդյոք ժողովրդավարությունն ի զորո՞ւ է երաշխավորել անվտանգությունը և կայունությունը մեր տարածաշրջանում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում խոսեց կայուն ժողովրդավարություն կառուցելու անհրաժեշտության մասին՝ ի հեճուկս բազմաթիվ մարտահրավերների:

Նա, մասնավորապես, ասաց. «Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը 2018 թվականին ոչ բռնի հեղափոխության արդյունքն է: Հեղափոխությունից հետո Կառավարությունը նախաձեռնել է ընդգրկուն ժողովրդավարական բարեփոխումներ, որոնք ներառել են պայքարն ընդդեմ կոռուպցիայի, ստվերային տնտեսության և տնտեսական մենաշնորհների, երաշխավորել ենք խոսքի ազատությունը և արտահայտվելու ազատությունը, փակել ենք կեղծված ընտրությունների էջը՝ ապահովելով այն, որ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը իշխանության միակ լեգիտիմ աղբյուրն է: Արդյունքում կարողացել ենք տպավորիչ տնտեսական աճ արձանագրել. 7.6 տոկոս՝ 2019 թվականին, 5.7՝ 2021-ին, և 12.6` 2022 թվականին: Աշխատատեղերի թիվը 2022 թվականին 2017 թվականի նկատմամբ ավելացել է մոտ 32 տոկոսով, պետական բյուջեի հարկային եկամուտները նույն ժամանակահատվածում ավելացել են 66 տոկոսից ավելի մեծ չափով»:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի ռեյտինգը, որպես պետություն, բարելավվել է, բարելավվել են նաև Հայաստանի ռեյտինգային միջազգային դասակարգումները տնտեսական և ժողովրդավարական ցուցանիշների առումով` մասնավորապես, խոսքի ազատության և մարդու իրավունքների բնագավառում: «Մեր երկիրը ներկայումս առաջատարն է ԵՄ-ԱլԳ պետությունների «Ժողովրդավարության և լավ կառավարման» ռեյտինգային աղյուսակում 5 ոլորտում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը, սակայն, նկատեց, որ ժողովրդավարության նկատմամբ հայ ժողովրդի վստահությունը սասանվում է վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացող անվտանգության մարտահրավերների պատճառով:

Վարչապետը շեշտեց, որ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ իրավաբանորեն նախատեսվում է, որ Լաչինի միջանցքը պետք է կապող օղակ լինի ՀՀ-ի և ԼՂ-ի միջև, սակայն կոպտորեն խախտելով հայտարարությունը՝ Ադրբեջանն անօրինական շրջափակում է կիրառում Լաչինի միջանցքում՝ առաջացնելով մարդասիրական ճգնաժամ ԼՂ-ում:

«Չնայած 2023 թվականի փետրվարին Արդարադատության դատարանի միջանկյալ միջոցներին՝ Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ է՛լ ավելի լարելով իրավիճակը: Ադրբեջանը ոչ միայն ԼՂ ժողովրդին զրկել է տեղաշարժի ազատության իրավունքից, այլև անջատել է բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը, պարենի և այլ ապրանքների պակասուրդ կա ԼՂ-ում. դրանք ներկայումս վաճառվում են կտրոններով: Մենք հավատացած ենք, որ սրանք առանձին գործողություններ չեն, այլ Ադրբեջանն այս կերպ նախապատրաստվում է ԼՂ-ում էթնիկ զտման: Այս իմաստով մենք անհրաժեշտ ենք համարում միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ և Լաչինի միջանցք: Միջազգային հանրությունը պետք է հստակ և հասցեական գնահատական տա ԼՂ-ում առաջացած մարդասիրական ճգնաժամին: Սա կարևոր է ոչ միայն ԼՂ հայերի, այլև մեր տարածաշրջանում ժողովրդավարության ապագայի համար, քանի որ օդում կախված հարցը ՀՀ-ում այն է, թե արդյոք ժողովրդավարությունն ի զորո՞ւ է երաշխավորել անվտանգությունը և կայունությունը մեր տարածաշրջանում»,- ասաց Փաշինյանը:

 

  • Կիսվել: