կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար կսահմանվեն պահանջներ

Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար կսահմանվեն պահանջներ

Ազգային ժողովը նոյեմբերի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և դրան կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց, որ օրենսդրական փաթեթով կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը:

Առաջարկվում է տրամադրել օդանավակայանի մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա, որի պետական տուրքը կազմակերպությունների անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 200.000 դրամ:

Սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքին ներկայացվող պահանջները: Կանոնակարգվում է օդանավակայանների տարածքում մարդատար տաքսիների փոխադրումների գործընթացը: Խախտումների դեպքում սահմանվում է վարչական տույժ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է օդանավակայանի տաքսի ծառայություններ մատուցող մեքենաների շարժը կարգավորել և զբոսաշրջիկներին զերծ պահել հնարավոր խաբեությունից:

  • Կիսվել: