շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ոչ ոք իր բարեկամի ֆիրմայից չի գնել այդ տոմսը, կա համակարգ. Սուրեն Գրիգորյանը՝ Ավինյանի ավիատոմսի մասին

Ոչ ոք իր բարեկամի ֆիրմայից չի գնել այդ տոմսը, կա համակարգ. Սուրեն Գրիգորյանը՝ Ավինյանի ավիատոմսի մասին

Ես այդ պատվիրակության կազմում չեմ էլ եղել, որ իմանամ պարոն Ավինյանը ե՞րբ է նստել, ե՞րբ է վեր կացել, ե՞րբ պետք է ինչ-որ բան նկատեր կամ չնկատեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած այցի տոմսերի գներին:

«Կա հետևյալը՝ մեր ընդդիմադիր գործընկերները, մամուլը բարձրաձայնել են խնդիր, որ թանկարժեք է այդ տոմսը, որով պարոն քաղաքապետը մեկնել է ԱՄՆ: Քաղաքապետն էլ ասաց՝ երբ իմացել է, որ ինչ արժե տոմսը, համարել է, որ քննադատությունն օբյետկիվ է, արձագանքել է: Էլ ի՞նչ եք ուզում, որ քաղաքապետն անի»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ եթե աղմուկ չբարձրանար չէիք իմանա՞ որ դա թանկ տոմս է, նա ասաց. «Այնպես չէ, որ կամայական որևէ աշխատող իրեն դուր եկած տեղից գնում է տոմս: Գոյություն ունի համապատասխան համակարգ, որի միջոցով այդ տոմսերը ձեռք են բերվում: Այս դեպքում ընթացակարգային առումով բան չի խախտվել: Այնպես չէ, որ ինչ-որ մեկը գնացել, իր բարեկամի ֆիրմայից գնել է այդ տոմսը, քանի որ պատշաճ ժամկետում չի գնվել, գնվել է հրատապ կարգով, եղել է այդ գինը, որը արդարացված չէ և քաղաքապետն իր դիրքորոշումը արտահայտեց»:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետը հայտարարել էր՝ ապշած է եղել ԱՄՆ թռիչքի ծախսերից, ամբողջովին կփոխհատուցի ինքնուրույն:

Նշենք, որ Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի վերջին շաբաթն անցկացրել էր Լոս Անջելեսում։ Ըստ քաղաքապետարանի՝ ամբողջ ուղևորության համար պետբյուջեից հատկացվել է 26 միլիոն 148 հազար դրամ։ 12,5 միլիոնը ծախսվել է տոմսերի համար։ Միայն 7 միլիոն 650 հազար դրամով բիզնես դասի տոմս էր գնվել քաղաքապետի համար: Մնացած շուրջ հինգ միլիոնով էլ գնվել էր ութ տոմս պատվիրակության մյուս անդամների համար։

  • Կիսվել: