շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ոչ մի գաղտնիք էլ չկար. Փաշինյանը վերլուծեց Տեր– Պետրոսյանի հայտնի հոդվածը

Ոչ մի գաղտնիք էլ չկար. Փաշինյանը վերլուծեց Տեր– Պետրոսյանի հայտնի հոդվածը

Բանակցային գործընթացը և բովանդակությունն ուղիղ կապի մեջ են եղել Հայաստանի ներքաղաքական իրադրության և իրադարձությունների հետ։ Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` առաջարկելով անդրադառնալ Արցախյան հարցի պատմության, իր ձևակերպմամբ, հանգրվանային կետերին։ Նրա խոսքով` ներքաղաքական իրավիճակի հետ հարցի կապվածությունը թեպետ բնական է, բայց ամենանեգատիվ դերն է խաղացել կարգավորման գործընթացում։
 
«Մեր ներքաղաքական կյանքում 1994 թվականի մայիսի 12-ի հաղթական զինադադարից հետո դրական իրադարձությունների մեծ դեֆիցիտ է եղել»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` գործընթացի պատմության մասին խոսելիս առաջին հանգրվանային կետերից մեկը ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովն է և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի` 1997թ. նոյեմբերի 1-ին հրապարակված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» վերնագրով հոդվածը, որտեղխոսվում է փոխզիջումների անհրաժեշտության մասին։
 
«Եթե կարճ ձևակերպենք Տեր–Պետրոսյանի ասածները, կստացվի` «ստատուս–քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, ինքնախաբեությամբ չզբաղվենք և զուր հույսեր չփայփայենք, Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք»։ Հետևաբար, ըստ Տեր–Պետրոսյանի, մենք պետք է կենտրոնանանք այլ հարցի վրա, այնպես անենք, որ առաջիկա հազարամյակում էլ Ղարաբաղը մնա հայերով բնակեցված»,– առաջին նախագահի հոդվածը շարունակեց ներկայացնել Փաշինյանը։
 
Վարչապետի խոսքով` այս ամենի կողքին Տեր–Պետրոսյանն այդպես էլ հստակ և բառացի չի պատասխանում այն հարցին, թե ի վերջո ինչ կարգավիճակ է ունենալու Լեռնային Ղարաբաղը, լինելու է անկա՞խ, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի կազմում։
 
Նա հիշեցրեց, որ ժամանակին այս հոդվածը բուռն հակազդեցություն գտավ հանրային, քաղաքական վերնախավի շրջանում։ Ինչ վերաբերում է ժողովրդի արձագանքին, ըստ Փաշինյանի, կարծես թե 1997-ին ժողովրդական կարծիքի արտահայտման կոնկրետ դրսևորումներ չեն եղել։
 
«Տեր–Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի հարցում մեր խճճվածությունն ավելացնող հերթական մի բան էր մի քանի պատճառներով։ Նախ, հոդվածի հրապարակումից ուղիղ մեկ տարի առաջ Տեր–Պետրոսյանը նախագահական ընտրություններին մասնակցել էր «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով, բայց կասկածելի լեգիտիմություն ունեցող ընտրություններից մեկ տարի անց խոսում էր խաղաղության,և ոչ հաղթանակի մասին»,– ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց նաև մի շարք գործընթացներ, որոնք նախորդել էին ՀՀ առաջին նախագահի հոդվածին։ Մասնավորաբար, 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը համատեղ որոշում էին կայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Իսկ 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը, հիմնվելով 1989թ. համատեղ որոշման վրա, Հայաստանի Հանրապետության անկախության գործընթաց էր հռչակել, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հանրաքվեն էր անցկացվել, նույն թվականի սեպտեմբերի 2-ին էլ Լեռնային Ղարաբաղն է հռչակել անկախությունը։
 
Պատմական այս փաստերի թվարկումից հետո Փաշինյանը մեջբերում արեց Լևոն Տեր–Պետրոսյանիի հայտնի հոդվածից, որում նա նշում է, թե իր համար անձնական տեսակետից լավագույն լուծումը կլիներ 1996 թվականի նախագահական ընտրություններին չմասնակցել և սերունդների հիշողության մեջ մնալ որպես պատերազմ հաղթած, երկրի սահմաններն ընդարձակած նախագահ, սակայն դա կլիներ «փոքրոգի դասալքություն»։
 
«Այս հոդվածի և այս բառերի հրապարակումից 3 ամիս և 3 օր հետո Լևոն Տեր–Պետրոսյանը հրաժարական է տալիս և նոյեմբերի 1-ի հոդվածում գրում, որ «Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով տիրապետում է 6 հոգի` Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Ժիրայր Լիպարիտյանը և ինքը` Լևոն Տեր–Պետրոսյանը»,– նշեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ, ըստ էության, ոչ մի գաղտնիք էլ չկար, որովհետև բոլոր գաղտնիքները ձևակերպված էին հրապարակային փաստաթղթերում, որոնք, սակայն, այդ ժամանակ ուղիղ հասանելի չէին հանրությանը։

  • Կիսվել: