երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ոչ մի բանի կարիք չունենք». Փաշինյանը՝ իր և Օնիկ Գասպարյանի զրույցի մասին

«Ոչ մի բանի կարիք չունենք». Փաշինյանը՝ իր և Օնիկ Գասպարյանի զրույցի մասին

Մի կողմից՝ մեզնից ակնկալվում են անհամաչափ զիջումներ, մյուս կողմից՝ բանակն ասում է՝ դժվար կլինի, բայց խնդիրը կլուծենք: Եվ տեղի են ունենում հուլիսյան մարտերը, որտեղ մեր բանակը մարտական պայմաններում ոչ մի զոհ չի տալիս և ֆանտաստիկ դիմակայություն է ցույց տալիս: ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին նման դիտարկում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ նման պայմաններում զիջումների մասին չէր կարելի խոսել:

«Քաղաքական ղեկավարությունն ինչի՞ հիման վրա պիտի գա, ասի՝ ժողովո՛ւրդ ջան, մեկ է, մենք անհամաչափ զիջումների պիտի գնանք: Բա չե՞ն ասի՝ մի րոպե, բա էն հաղթանակը և մեր բանակի մարտունակությունը զիջո՞ւմ եք, տալի՞ս եք»,- նկատեց Փաշինյանը:

Վարչապետը նաև հիշեցրեց իր և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զրույցը՝ կապված բանակի մարտունակության հետ:

«Ես ասացի՝ որպես ՀՀ վարչապետ՝ ես կարիք ունեմ հստակ իմանալ մի հարցի պատասխան (էդ հուլիսյան մարտերի շրջանն էր)՝ բանակը ինչի՞ կարիք ունի: Եվ ես հիշում եմ ԶՈՒ ԳՇ պետի պատասխանը. «Ոչ մի բանի կարիք չունենք: Այն, ինչի կարիքն ունենք, Դուք ապահովել եք»: Եվ դա ինձ համար շատ կարևոր դրվագ է հետահայաց»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ այդ 30 վայրկյանանոց խոսակցությունն իր համար շատ հիշարժան է:

  • Կիսվել: