երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ո՞վ ես դու, ի՞նչ ես անում ստեղ», «սրիկան դուք եք», «պարո՛ն Օհանյան, դուք դաստիարակություն ստացե՞լ եք». ԱԺ-ում լարված իրավիճակ է

«Ո՞վ ես դու, ի՞նչ ես անում ստեղ», «սրիկան դուք եք», «պարո՛ն Օհանյան, դուք դաստիարակություն ստացե՞լ եք». ԱԺ-ում լարված իրավիճակ է

Ո՞ւր էիք Դուք գեներալ Մանվել Գրիգորյանի հուղարկավորության ժամանակ, ո՞ւր էիք Դուք Վիգեն Ստեփանյանի, Արմեն Գրիգորյանի հոգեհանստյան արարողություններ ժամանակ։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով ՔՊ-ականների՝ իրենց հասցեին հնչեցրած քննադատություններին, որ ներկա չեն եղել Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստյան արարողությանը։

«Հոգեքննությամբ անընդհատ զբաղվելով՝ դուք ձեզ եք վարկաբեկում, պարոն Վիգեն Խաչատրյանի հոգուն դուք հաստատ հանգստություն չեք բերում»,- դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց նա։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին մասնակցելը թողնում է ընդդիմադիրների խղճի վրա։
«Իմ գրառումն ամեն օր կարդացեք ու ամաչեք»,- ասաց Սիմոնյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «դու»-ով դիմեց Սիմոնյանին, ինչը հունից հանեց վերջինիս։

««Դու»-ն դու ես, չհամարձակվես ՀՀ ԱԺ նախագահի հետ «դու»-ով խոսել, ո՞վ ես դու, ի՞նչ ես անում ստեղ, գնա տուն սարքի քեզ տարբեր տեղերում»,- դիմելով Սեյրան Օհանյանին՝ ասաց Սիմոնյանն ու հեռացավ նիստերի դահլիճից։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց դադարեցնել լեզվակռիվը։

Իրավիճակն ավելի լարվեց, երբ ելույթ էր ունենում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նա Սեյրան Օհանյանին հորդորեց կոռեկտ պահել իրեն։

«Պարո՛ն Օհանյան, դուք դաստիարակություն ստացե՞լ եք»,- ասաց Կոնջորյանը։ Կոնջորյանը նշեց, թե մեծ մասը չի լսել, որ Ալեն Սիմոնյանին Սեյրան Օհանյանն ասել է սրիկա։

«Սրիկան դո՛ւք եք»,- Սեյրան Օհանյանին ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը։

Ռուբեն Ռուբինյանը ստիպված եղավ ընդիմիջում հայտարարել։

  • Կիսվել: