երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ո՞ր դեպքում է խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական՝ ըստ Փաշինյանի

Ո՞ր դեպքում է խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական՝ ըստ Փաշինյանի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Երևանն ու Բաքուն մոտ են «խաղաղության պայմանագիր» կնքելուն։ Այդ մասին Փաշինյանն ասել է Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովի» ժամանակ իր ելույթում։

«Դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Թվարկելով իր նշած սկզբունքները՝ նա ասել է. «Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով այն գիտակցության վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29,800 կմ2, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 կմ2 տարածք։

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ:

Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ապագա տրանսպորտային կարգավորումները հարգելու են բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները»:

Բացի այդ՝ ՀՀ վարչապետը նաև ասել է, որ այս սկզբունքների շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես իրենց աջակցությունն են հայտնել այս սկզբունքներին, որն արտահայտված է Շառլ Միշելի, Օլաֆ Շոլցի, Էմանուել Մակրոնի և իմ կողմից ստորագրված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։

Եվ եթե Ադրբեջանը չմերժի այդ սկզբունքները, դա կնշանակի, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական է դառնում»,-նշել է նա:

  • Կիսվել: