երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամները ստորագրությունները հանձնեցին ՀՀ-ում դեսպանատներին եւ կառավարությանը

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամները ստորագրությունները հանձնեցին ՀՀ-ում դեսպանատներին եւ կառավարությանը

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամների կազմակերպած ակցիան ավարտվեց: Նրանք Արցախում կազմակերպված ստորագրությունների պատճենները հանձնեցին ՀՀ-ում դեսպանատներին եւ ՀՀ կառավարությանը:

Կառավարության բակում լրագրողների հետ զրույցում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամներից Գարիկ Գեւորգյանն ասաց՝ ակցիայի նպատակն այն էր, որ Արցախի ձայնը հասցնեն կառույցներին:

Նա նշեց, որ գրեթե 60 հազար ստորագրություն արդեն հավաքվել է. «Այսօր 150-րդ օրն է, որ չի գործում եռակողմ պայմանագիրը: Կոչ ենք բոլորին՝ միանալ եւ քայլեր ձեռնարկել, որ այսօրվա իրավիճակը փոխվի: Մենք դիմեցինք  նաեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպանատներին, որովհետեւ նրանք Մինսկի խմբի անդամներ են: Կոչ ենք անում ոչ միայն խոսքերով, այլ նաեւ քայլերով աջակցել ու կանգնել Արցախի կողքին: Կարծում եմ, որ ՀՀ կառավարությունն ավելի հստակ պետք է իր դիրքորոշումը արտահայտի Արցախի հետ կապված»:

Նշենք, որ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի եւ ստորագրահավաքի նախաձեռնող խումբն այսօր Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճեններ է հանձնել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին եւ ՀՀ կառավարությանը։

  • Կիսվել: