կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝  հայկական էլչիբեյը․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական էլչիբեյը․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 16-ին, Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում իր ելույթի ժամանակ  ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ասաց, որ արկածախնդրության և «ոչմիթիզականության» ճանապարհով հայոց ղեկավարներից ամենահեռուն գնաց Նիկոլ Փաշինյանը։

«Նա ամբողջ աշխարհին իր դեմ հանեց բանակցությունները պայթեցնող «Արցախը հայաստան է և վերջ» հայտարարությամբ։ Հրաժարվեց շարունակել բանակցությունները Մինսկի խմբում ձևավորված ձևաչափով։ Որոշեց, որ կարող է ամբողջ աշխարհին պարտադրել բանակցությունները իր սեփական կետից սկսելու պահանջը։ Եվ անմտորեն կուլ տալով տավուշյան, հուլիսյան դեպքերի հմտորեն մատուցված խայծը՝ Ալիևի ձեռքերն արձակեց վաղուց նախապատրաստված ադրբեջանաթուրքական ագրեսիայի սանձազերծման համար։

Կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագրի ընտրական կարգախոսը լավ չեն ձևակերպել, մի քիչ այլ կերպ պետք էր հնչել՝ «Ապագա կար։

Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն և մեղավորը, այո, եթե կուզեք՝ գլխավոր ճարտարապետը հենց Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական Էլչիբեյը»,- ասաց նա։

Լևոն Զուրաբյանն ասաց, որ միևնույն ժամանակ հեռու է ամբողջ մեղքը բացառապես Նիկոլ Փաշինյանի վրա բարդելու մտադրությունից։

«Ինչ-որ իմաստով նա ինքը զոհ է հայոց աշխարհը պատած առավելապաշտական «ոչմիթիզականության»։ Իսկապես, հուշեք ինձ, նշեք, թե քաղաքական քանի՞ ուժ գիտեք Հայաստանում, որ Ղարաբաղի հարցը համարել է չլուծված, զգուշացրել է գալիք պատերազմի վտանգի մասին, խոսել են փոխզիջման հիման վրա հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին։ Կարծում եմ՝ եղել է միայն մեկ այդպիսի ուժ, և այդ մեկ ուժը հենց այն մարդիկ են, որոնք այսօր նստած են այս դահլիճում։ Մնացած բոլոր քաղաքական ուժերը լծված էին երկրում «ոչմիթիզականության» վակխանալիա ստեղծելու գործին։ Եվ Փաշինյանն ընդամենը համազգային այդ անմտության խրախճանքի արգասիքն է»,- նշեց Լևոն Զուրաբյանը։

Նա նաև անդրադարձավ «Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է» արտահայտությանը՝ ասելով․

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ անդրադառնալ, իր բառերով ասված, հայկական քաղաքական դաշտում խոր արմատներ թողած մի ցնդաբանությանը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է և իբր իրականացնում է Տեր-Պետրոսյանի պլանը։ Պարզ վերլուծությունը ցույց է տալիս սակայն, որ իրականում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և Արցախում իրականացրեց ուղիղ այն, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը փորձում էր կանխել։ Նիկոլ Փաշինյանն իրականացրեց հենց «ոչմիթիզականների» պլանը, որովհետև նա այդպես էլ չզիջեց ոչ մի սանտիմետր հող․ այդ հողը Հայաստանից գրավեցին ուժով՝ մեր հազարավոր զինվորների արյան գնով։ Եվ քանի որ նա իրականացրեց «ոչմիթիզականների» պլանը, ճիշտ կլիներ նրան համարել Քոչարյանի, «Դաշնակցության», «Սասնա Ծռերի» հոգեզավակը»,- ասաց նա։

Լևոն Զուրաբյանը նաև նշեց, որ արդարության համար պետք է ասել, որ 2008-ին Նիկոլ Փաշինյանը կիսում էր հակամարտության կարգավորման՝ Տեր-Պետրոսյանի մոտեցումները, սակայն 2012-ին ՀԱԿ-ի ցուցակով խորհրդարանում հայտնվելուն պես նա խզեց կապերը Կոնգրեսի հետ, իսկ 2015 թվականին սկսեց բացահայտ քննադատել Տեր-Պետրոսյանին՝ «ոչմիթիզականության» դիրքերից։

  • Կիսվել: