Նրանք, ովքեր տարել են Սրբազանին Սերժ Սարգսյանի տուն և հետո այդ մասին նյութ հրապարակել, ըստ էության՝ Շարժումը մատաղ են արել Սերժ Սարգսյանին. Մարուքյան
Ես առաջարկել էի, որ Բագրատ Սրբազանը քաղաքական գնահատական տար նախորդ ռեժիմներին եւ երաշխիքներ, որ որեւէ ձեւով նրանց վերադարձի փորձ չի լինելու: Այս մասին իր տեսաուղերձում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հարցերով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Նաեւ ճանապարհ էի ասել, որ օրինակ, Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս ՀՀԿ նախագահի պաշտոնից, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ չի մասնակցելու քաղաքական որեւէ պրոցեսի, իր տղան է մանդատը վայր դնում: Այսինքն՝ իրենք իրենց ունեցած ամբողջ մասնակցությունը դադարեցնում են, նաեւ խոսքը գնում է նաեւ նրանց շուրջբոլորը հավաքված սատելիտների մասին, եւ Սրբազանը գնում է մի անաղարտ ճանապարհով, որտեղ կա ընտրողների շուրջ 50 տոկոսից ավել մարդ: Ընդդիմադիրների մասին է խոսքը: Երեւանի ընտրությունները դա ցույց են տվել: Ես ցույց եմ տվել, թե ինչպես է ՔՊ-ն Երեւանի ընտրություններում առանց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասնակցության ստացել 32 տոկոս ձայն, այսինքն 68 տոկոսը չի քվեարկել իրենց օգտին»:
Սակայն ավելի ուշ, Մարուքյանի խոսքով, որոշ տեղեկություններ սպրդեցին. «Սրբազանն ասաց, որ ինքը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, որից հետո «Հրապարակ» թերթով տեղեկատվությունը հրապարակվեց, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Ձորաղբյուրում՝ նրա առանձնատանը: Սա մի ինդիկատոր էր, որ այն, ինչ մենք ակնկալում էինք, որ Սրբազանն անի, նա գնաց դրա հակառակ ճանապարհով: Մենք ասում էինք՝ դիստանցավորվիր, տարանջատվիր, դատապարտիր, գնա այն ճանապարհով, որ ժողովրդական աջակցություն ունենաս, Սրբազանը գնաց հակառակ ճանապարհով: Նա բոլոր ուժերին հրավիրում է հանդիպման, բոլորը հանդիպում են, իսկ ինքը իր ոտքով գնում է Սերժ Սարգսյանի տուն: Երբ ես այդ մասին իմացա, հասկացա, որ սա դիագնոզ է, դատավճիռ է այդ պրոցեսի համար:
Ես հասկացա, որ Սրբազանը փորձառու չէ, եւ իր կողքին եղած մարդիկ՝ ՀՅԴ-ից Գառնիկ Դանիելյանը եւ մյուսները, իրեն համոզել են եւ տարել Սերժ Սարգսյանի տուն: Այսպիսով նա անարգել է բոլոր այն ուժերին, որոնց հրավիրել է հանդիպման: Այս ֆունդամենտալ անարգանքի մասին ես ուզում էի խոսել, բայց չխոսեցի, քանի որ դեռ ցույցեր կային:
Նրանք, ովքեր տարել են Սրբազանին Սերժ Սարգսյանի տուն եւ հետո այդ մասին նյութը հրապարակել են, նրանք, ըստ էության, շարժումը մատաղ են արել Սերժ Սարգսյանին: Դրանից հետո ակնկալել, որ որեւէ բան կարող է տեղի ունենալ, ես նման ակնկալիք չունեմ»:
Մարուքյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Գարեգին Երկրորդի կողմից առաջնորդվող շարժումն անում է որոշակի բաներ, եւ նա չտվեց Սերժ Սարգսյանի անունը:
«Հիմա ուզում եմ՝ Սրբազանը կամ իր կողքին գտնվող մարդիկ, օրինակ՝ Գառնիկը, բացահայտի... Գառնիկ ջան, կարո՞ղ ա բացահայտի, թե այդ ո՞նց եղավ, որ Սերժ Սարգսյանի անունը չի տալիս Փաշինյանն այն դեպքում, որ Սերժ Սարգսյանը ձեր կողքերին ավելի շատ մարդ ուներ ներդրած, քան Ռոբերտ Քոչարյանը: Ի՞նչ գործարք կա ձեր մեջ, ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ եք պայմանավորվել: Այդ ընթացքում Սերժ Սարգսյանն արդարացվում է դատարանում: Այն դատարանում, որը, ձեր պնդմամբ, քաղբանտարկյալ է դարձրել Արմեն Աշոտյանին...»,-նշեց նա: