չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նոյեմբերի 9-ով Ադրբեջանի ու Նախիջևանի տրասնպորտային հաղորդակցության վերահսկողությունը տրվել է ՌԴ-ին․ ՔՊ-ականի մանիպուլյացիան

Նոյեմբերի 9-ով Ադրբեջանի ու Նախիջևանի տրասնպորտային հաղորդակցության վերահսկողությունը տրվել է ՌԴ-ին․ ՔՊ-ականի մանիպուլյացիան

ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողություն Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայությանը տրված չէ։ Այս մասին գրում է fip.am-ը։

Պապոյանը, մասնավորապես, պատասխանելով Ադրբեջանի՝ Սյունիքով միջանցք պահանջելու մասին հարցին, պնդել է, թե հայտարարության մեջ «կետ չկա, որ ռուսները պետք է գան այդտեղ (նկատի ունի՝ Սյունիք, -խմբ․) ու ինչ-որ բան վերահսկեն»։

Լրագրողի հարցին, թե ինչի մասին է հայտարարության 9-րդ կետը, Պապոյանը պատասխանել է․ «Այդ կետը նրա մասին է, որ Հայաստանն ընդամենը պետք է ճանապարհ տրամադրի, և Հայաստանը պատրաստ է դա տրամադրել»։

Ինչ է գրված հայտարարության 9-րդ կետում 

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշվում է․ 

Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Այսպես, հայտարարության 9-րդ կետում չի հիշատակվում Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի հետ տրանսպորտային կապի  որևէ հստակ տարածք, այդ թվում՝ նաև Սյունիքը, որտեղով անցնող տրանսպորտային հաղորդակցությունը պետք է վերահսկվի ՌԴ սահմանապահ մարմինների կողմից։ 

Միևնույն ժամանակ, հայտարարության 9-րդ կետը ենթադրում է, որ ՀՀ-ով Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը, անկախ նրանից, թե այն ՀՀ-ի որ ճանապարհով կամ մարզով կանցնի, տրված է ՌԴ սահմանապահների վերահսկողությանը։ 

Չնայած՝ Պապոյանը ճիշտ է, երբ ասում է, որ հայտարարության 9-րդ կետում հիշատակված չէ Սյունիքով անցնող տրանսպորտային հաղորդակցության վրա ռուսական վերահսկողությունը, սակայն հայտարարության համապատասխան կետում հստակ նշված է, որ Ադրբեջանի՝ ՀՀ տարածքով Նախիջևանի հետ հաղորդակցությունը, անկախ դրա աշխարհագրությունից, պետք է վերահսկեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Հետևաբար, Պապոյանի պնդումը մանիպուլյատիվ է։ 

  • Կիսվել: