չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նոտարական պալատը մեր պետության կառույցներից, ինստիտուտներից ամենակայացածն․ Անդրեասյան

Նոտարական պալատը մեր պետության կառույցներից, ինստիտուտներից ամենակայացածն․ Անդրեասյան

Նոտարիատը Հայաստանի ամենակայացած ինստիտուտն է, «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ նոտարական պալատի անդամների արտահերթ ժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը` Հայաստանի նոտարներին շնորհավորելով մասնագիտական տոնի` Նոտարի միջազգային օրվա կապակցությամբ։

«Նոտարական պալատը մեր պետության կառույցներից, ինստիտուտներից ամենակայացածն է, և դա ընդամենը խոսքեր չեն ձեր օրվա կապակցությամբ, դա իսկապես այդպես է։ Իմ կարճ պաշտոնավարման ընթացքում ես արդեն իսկ հասցրել եմ ուսումնասիրել հենց արդարադատության ոլորտում տարբեր ինստիտուտների, կառույցների աշխատանքը և կարող եմ նորից կրկնել, որ նոտարիատը Հայաստանի ամենակայացած ինստիտուտն է։ Հուսամ` առաջիկա 5 տարիներին արդարադատության ոլորտը, մեր և ձեր ջանքերով, ավելի լավը կլինի», - ասել է Կարեն Անդրեասյանը։

Արդարադատության նախարարի խոսքով` իր ասածը հաստատում է նաև այն փաստը, թե որքան քիչ կարգապահական պատասխանատվության միջոցներ են կիրառվել նոտարների նկատմամբ վերջին 2 տարվա ընթացքում։

«Կարելի է մատների վրա հաշվել. 3-4 գործ կա, և վարույթներն էլ շատ քիչ են», - փաստել է նախարարը։

«Հուսով եմ, որ երբ մեր վերահսկողական ծառայությունը էլ ավելի ուշադիր լինի մեր բոլոր կառույցների նկատմամբ, ձեր նկատմամբ բացված վարույթները և կարգապահական պատասխանատվությունները կմնան այսքան քիչ։ Դա ևս մեկ անգամ կվկայի, որ ոչ թե նախարարությունը լավ ուշադրություն չի դարձրել գործարքներին և դրանց օրինականությանը, այլ՝ որ դուք իսկապես բարձր պրոֆեսիոնալներ եք, ազնիվ եք և առաջնորդվում եք օրենքի տառով` ամենակարևոր տեղում՝ քաղաքացիների հետ հարաբերություններում, պահելով օրենքը։ Այդտեղից է սկսվում ե՛ւ տնտեսության զարգացումը, ե՛ւ քաղաքացիների իրավագիտակցությունը, ե՛ւ օրինականությունը երկրում», - ասել է նախարարը` Նոտարական պալատին խնդրելով նախարարության հետ միասին, համակարգված անել օրենսդրական բարեփոխումների աշխատանքներ և աջակցել բարդ, խրթին, ոչ միարժեք օրենքների պարզաբանման գործում։

Գործընկերներին շնորհավորելով մասնագիտական գործունեության օրվա կապակցությամբ` ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը շեշտել է, որ նոտարները պատասխանատու աշխատանք են կատարում, քանի որ նրանց իրականացրած գործունեությունը առնչվում է քաղաքացու օրինական շահերի պաշտպանությանը և դրանց իրացմանը։

«Ամենօրյա աշխատանքում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար կատարում ենք այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են իրավաբանական փաստի հաստատումը, ժառանգական իրավունքների տրամադրումը, գույքային հարաբերությունների վավերացումը և այլն, որոնք անհրաժեշտ են մեր քաղաքացիներին։ Նոտարի որակյալ և գիտելիքահեն աշխատանքից է կախված նաև մեր դատարանների ծանրաբեռնվածության թեթևացումը։ Վերջին տարիններին այս առումով մենք արձանագրել ենք բարելավում։ Կարծում եմ՝ այս գործընթացը շարունակական կլինի և կհասնենք մեր հիմնական առաքելությանը՝ արդարադատության իրականացմանը նպաստող գործողությունների շոշափելի արդյունքին։ Մեկ անգամ ևս շնորհավորելով նոտարներին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ արդյունավետ ու բեղուն աշխատանք՝ ի շահ մեր երկրի ու քաղաքացիների բարեկեցության», - ասել է Նոտարական պալատի նախագահը։

Մասնագիտական տոնի առթիվ հրավիրված ՀՀ նոտարական պալատի անդամների արտահերթ ժողովի ընթացքում տեղի ունեցավ նոտարների երդմնակալությունը։ Հանդիսավոր արարողության ընթացքում հուշանվերներ և պատվոգրեր հանձնվեցին լիազորությունները դադարեցրած նոտարներին։ Նաև պարգևատրվեցին և շնորհակալագրեր ստացան նոտարական համայնքում 30, 35 և 40 տարի գործունեություն ծավալող նոտարները։

Արարողությանը ներկա էին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և փոխնախարար Սուրեն Գրիգորյանը։ Ժողովի ընթացքում քննարկվեցին օրակարգային հարցեր։

  • Կիսվել: