ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նոր Սահմանադրությամբ դատապարտել ռուս-թուրքական պայմանագիրը. հայտարարություն

Նոր Սահմանադրությամբ դատապարտել ռուս-թուրքական պայմանագիրը. հայտարարություն

Նոր Սահմանադրությամբ ամրագրել 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունը և դատապարտել 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը: Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել  «Ժառանգություն» կուսակցությունը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, «Սասնա Ծռեր» համահայկական շարժումը, Արա Պապյանը, Արկադի Վարդանյանը և Արմենակ Կյուրեղյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Լրանում է բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև 1921 թ. մարտի 16-ին կնքված պայմանագրի 99-ամյակը:

Թեպետ այդ պայմանագիրը կնքման պահից ապօրինի և անվավեր էր (տես՝ Պայմանագրերի իրավունքի մասին 1969 թ. Վիեննայի կոնվենցիա, հոդված 53), սակայն մինչ օրս շարունակում է մնալ որպես ՀՀ տարածքի մեծ մասի բռնակցման հիմք:

ԽՍՀՄ-ի լուծարումից հետո իր անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետությունը շարունակում է լուռ համաձայնությամբ փաստացի ճանաչել այդ ապօրինի ու անվավեր պայմանագիրը՝ չկարողանալով լուծել իր պետական սահմանների, տարածքային ամբողջականության և պետական անվտանգության խնդիրները:

Նման մոտեցումը բացառում է ազգային և անկախ հայկական պետություն կառուցելու հեռանկարը:

Այս փակուղուց դուրս գալու և ազգային պետականության ապագան երաշխավորելու համար գործող իշխանությանը կոչ ենք անում.

1) Մինչև տարեվերջ կազմակերպել նոր Սահմանադրություն մշակելու և ընդունելու համաժողովրդական գործընթաց՝ դրա նախաբանում նշելով հետևյալ դրույթը, որը մասնակիորեն առկա է ՀՀ անկախության հռչակագրում. «Հայաստանի Հանրապետությունը, որպես 1918-1920 թթ․Հայաստանի Հանրապետության իրավահաջորդ, զարգացնում, ընդլայնում և խորացնում է 1918 թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները»:

2) Հայաստանի Հանրապետության անունից ընդունել հայտարարություն, որտեղ.

Ա. դատապարտել 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան պայմանագիրը, որը ոտնահարել է միջազգային իրավունքի սուբյեկտ Հայաստանի Հանրապետության իրավունքները, մասնատել ու բռնակցել է նրա օրինական տարածքները,

Բ. ընդգծել, որ 1920-1921 թթ. բոլշևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան իրականացրել են Հայաստանի Հանրապետության բռնազավթման և բռնակցման գործողություններ, այդ թվում՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի և դրանից ածանցվող՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի կնքումը, որոնք հակասում են միջազգային իրավունքին, ուստի այդ պայմանագրերը կնքման պահից ապօրինի են և անվավեր,

Գ. արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը 1920 թ. դեկտեմբերի 2-ից մինչև 1991 թ. ԽՍՀՄ-ի լուծարումը, ըստ միջազգային իրավունքի, եղել է բռնազավթված և բռնակցված տարածք,

Դ. ընդգծել, որ ԽՍՀՄ լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում նրա ինքնիշխանության վերականգնումը թերի է, քանի որ դա տեղի է ունեցել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի լոկ այն մասի վրա, որը ներկայումս փաստացի գտնվում է նրա իրավազորության ներքո,

Ե. կոչ անել Ռուսաստանի Դաշնությանը, որ մինչև 2021 թ. մարտի 16-ը դատապարտի իր իրավանախորդ ՌԽՖՍՀ-ի կնքած 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը և սկսի դրա հետևանքների վերացման իրավաքաղաքական գործընթաց:

«Ժառանգություն» կուսակցություն

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

Հայաստանի Եվրոպական կուսակցություն

«Սասնա Ծռեր» համահայկական շարժում

Արա Պապյան

Արկադի Վարդանյան

Արմենակ Կյուրեղյան

  • Կիսվել: