կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Նոր իշխանությունները կարող էին ճամպրուկներով փող վերցնել ու թաքուն ֆինանսավորել «անկախ լրատվամիջոցներին», բայց չեն արել. ՀԺ

Նոր իշխանությունները կարող էին ճամպրուկներով փող վերցնել ու թաքուն ֆինանսավորել «անկախ լրատվամիջոցներին», բայց չեն արել. ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է. «Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը «բոլորին» կոչ էր արել միանալ և համատեղ ուժերով Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, ու դրանով իսկ իշխանությունների դեմ պայքարի լիդերության հայտ էր ներկայացրել: Ինչպես սպասվում էր, Ռոբերտ Քոչարյանի արձագանքը չուշացավ: Նա հանդես եկավ հարցազրույցով, հերթական անգամ խոսեց այն մասին, որ «Կոնսենսուս մինուս մեկը» կայացել է, ապա իրեն հատուկ բնածին համեստությամբ հայտարարեց, թե ինքը դարձել է «ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ», վերջում էլ նույնքան համեստորեն արձանագրեց՝ «հավանաբար ինձ վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրը, մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում»: Այնպես որ, Միքայել Մինասյանը թող հանգիստ նստի տեղը. Փրկիչն էլ է Քոչարյանը, շատ կարևոր դերակատարն էլ, պայքարի խորհրդանիշ դրոշն էլ:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում: Սա հասկանալու համար նախ պետք է փորձել հասկանալ, թե ինչո՞վ է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն աննախադեպ: Բանն այն է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր տիպի ցանկացած այլ երկրում հասարակությունը, որպես կանոն, բաժանվում է երկու մասի՝ մոտ 95 տոկոս «հասարակ ժողովուրդ» և 5 տոկոս «վերնախավ», որի մեջ մտնում են քաղաքական կուսակցությունների ղեկավարները, օլիգարխներն ու խոշոր գործարարները, միջինից բարձր օղակի պետական չինովնիկները, քրեական աշխարհի «գեներալները», լրատվամիջոցների ղեկավարները, շոու-բիզնեսի շատից-քչից հայտնի դեմքերը և այլն: Ու այդ տիպի երկրում իշխանափոխությունները, որպես կանոն, տեղի են ունենում հենց այդ հինգ տոկոսի ներսում:

Ընդ որում՝ այդ հինգ տոկոսը միշտ կոմֆորտի դաշտում է, որովհետև օլիգարխները սկսում են ծառայել նոր իշխանություններին, քրեական հեղինակությունները նորերին են առաջարկում իրենց ծառայությունները, լրատվամիջոցները սկսում են սնվել նոր տերերից, քաղաքական լիդերները «հաճախորդություն են անում» նորերի համար և այսպես շարունակ: Այլ կերպ ասած դերաբախշումներ լինում են, բայց մեծ հաշվով այդ հինգ տոկոսի կյանքում շատ բան չի փոխվում: Իսկ

Հայաստանում ոչ միայն իշխանությունը փոխվել է բոլորովին այլ տրամաբանությամբ, այլև նոր իշխանությունները սկզբունքորեն հրաժարվել են այդ 5 տոկոսին «տեր կանգնելու» և նրանց կոմֆորտն ապահովելու ավանդույթից: Մինչդեռ դա առանձնապես բարդ չէր լինի. Նոր իշխանությունները հանգիստ կարող էին աչք փակել նախկինների արածների վրա, ինչպես մինչ այդ արվում էր, օլիգարխներից «ճամպրուկներով» փող վերցնել ու թաքուն ֆինանսավորել ոչ միայն «անկախ լրատվամիջոցների» 90 տոկոսին, այլև քաղաքական հաճախորդներին, ուժային կառույցների միջոցով երչկխոսության մեջ մտնել քրեական աշխարհի «գեներալների» հետ ու փոխադարձաբար միմյանց ծառայություններ մատուցել և այլն:

Ու հավատացեք՝ ոչ այսօրվա քարոզչական տեռորում կհայտնվեին, ոչ էլ Քոչարյանի ասած «կոնսենսուս մինուս մեկը» կլիներ: Այո, «կոնսենսուս մինուս մեկն» իսկապես կա: Բայց այդ հինգ տոկոսի ներսում: Այն 5 տոկոսը, որը ցանկացած իշխանության օրոք կոմֆորտի մեջ էր, այսօր զրկվել է այդ կոմֆորտից և համախմբվել իշխանությունների դեմ: Նրանց համար սա կենաց մահու պայքար է և այդ պայքարում նրանք ոչնչի առջև կանգ չեն առնելու: Դիմելու են ցանկացած կեղծիքի, ցանկացած ստորության, ցանկացած անբարոյականության ու նրանցից որևէ այլ բան ակնկալելն առնվազն միամտություն է: Իսկ դիմակայելու ճանապարհը միակն է՝ կոնսենսուս ապահովել նաև հանրության 95 տոկոսի ներսում»:

  • Կիսվել: