երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումները պետք է անցկացվեն կանոնավոր. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումները պետք է անցկացվեն կանոնավոր. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների ներկայացուցիչների միջև դեկտեմբերի 23-ին և 24-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումները հասել են իրենց նպատակին: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երկու երկրների գիտական, ստեղծագործական էլիտաների ներկայացուցիչների միջև բարյացակամ շփումների վերականգնումը բարենպաստ ֆոն է ստեղծում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հետևողական կարգավորման համար»,- նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցները համակարծիք էին այն հարցում, որ տեսնում են մտավորականության դերը հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև անվստահության աստիճանի նվազեցման գործում։

«Կառուցողական երկխոսության տրամադրվածություն ցուցաբերվեց նաև հումանիտար զգայուն թեմաների քննարկման ժամանակ, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի և Հայաստանի կողմից ականապատված դաշտերի մնացած քարտեզների փոխանցման հարցում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանն աջակցել, աջակցում և աջակցելու է նման նախաձեռնություններին, որոնք ձևավորում են այլ ուղղություններով առաջ շարժվելու համար բարենպաստ մթնոլորտ:

«Առաջիկայում ակնկալում ենք նման շփումներ անցկացնել կանոնավոր հիմունքներով, այդ թվում՝ Հայաստանում և Ադրբեջանում»,- եզրափակել է Զախարովան:

  • Կիսվել: