Նկատում ենք հայերի ներհոսք, պետք է հասկանալ՝ ինչպես է հնարավոր նրանց պահել Հայաստանում. Սինանյան
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում չի բացառվում նոր համագործակցությունների և հուշագրերի ստորագրումը։Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նա նշեց, որ իրենք պատրաստ են ցանկացած արդյունավետ ձևաչափի։ ՛՛Եթե կան առաջարկներ, դրանք կքննարկվեն, կմշակվեն և կյանքի կկոչվեն։ Գագաթնաժողովը նոր քննարկումների ու գործակցություններ ձեռք բերելու հարթակ կարող է լինել՛՛,-ասաց Սինանյանը։
Նրա խոսքով՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի գլխավոր նպատակն է հզորացնել ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ սփյուռքը՝ սահմանելով և ինստիտուցիոնալացնելով փոխշահավետ քաղաքականություն և ծրագրեր, ինչպես նաև՝ ստեղծելով նորարար և արդյունավետ ինստիտուցիոնալ շրջանակներ, որոնց միջոցով կամրապնդվեն և կընդլայնվեն Հայաստանի և սփյուռքի միջև փոխհարաբերությունները: Նրա խոսքով՝ գագաթնաժողովը Հայաստանին և սփյուռքին հնարավորություն կտա ընդհանուր համահայկական օրակարգի շրջանակներում բացահայտել առաջնահերթությունները, մշակել ռազմավարական ճանապարհային քարտեզ ապագա համագործակցության համար:
Սինանյանն ասաց նաև, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների առջև դրված խնդիրներից են սահմանել առաջնահերթ ոլորտները, որոնք վերաբերում են Հայաստան-սփյուռք հարաբերություններին, սահմանել հայկական պետության դերն ու պարտականությունները՝ սփյուռքի նկատմամբ և հակառակը:
Գագաթնաժողովի խնդիրներից է նաև ստեղծել և ինստիտուցիոնալացնել գործընթացներ և ծրագրեր, որոնց միջոցով պետությունը կարող է համագործակցել համաշխարհային հայկական սփյուռքի հետ, իսկ սփյուռքը կարող է համագործակցել պետության հետ: Կառավարության կողմից ընդունվելիք Հայաստան-սփյուռք ռազմավարության փաստաթղթում ընդգրկվելու են գագաթնաժողովում ձեռք բերված առաջարկները, լուծումները և արդյունքները:
Սինանայնն անդրադարձավ նաև աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստան ներհոսքին. ՛՛Նկատում ենք նաև հայերի ներհոսք։ Պետք է հասկանալ, թե ինչպես է հնարավոր նրանց պահել Հայաստանում։ Երևույթը համընկնում է մեր շահերին։ Մենք դեմոգրաֆական խնդիր ենք լուծում։ Դեռ նորից մեծ ներհոսք եմ ակնկալում։
Մենք պետք է հասկանանք, թե ինչ ծրագրեր կարող ենք ներկայացնել Հայաստան ժամանածների համար։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը օգնում է Հայաստան եկածներին տան, համալսարանի և նման այլ խնդիրների լուծման հարցում։ Նաև հայերենի դասեր ենք առաջարկում։ Մենք, մեր սահմանափակ ռեսուրսներով, ամեն ինչ փորձում ենք անել սփյուռքի մեր հայրենակիցների, նաև՝ օտար երկրներից ժամանած քաղաքացիների համար՛՛,-նշեց Սինանյանը։



