ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նինա Խաչիկյանը նշանակվել է Պենտագոնի Քաղաքականության խորհրդի անդամ

Նինա Խաչիկյանը նշանակվել է Պենտագոնի Քաղաքականության խորհրդի անդամ

Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային հարցերով առաջին տեղակալ Նինա Խաչիկյանը նշանակվել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության Քաղաքականության խորհրդի անդամ։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ)՝ հատուկ ընդգծելով, որ խորհրդում ընդգրկված են այնպիսի հեղինակավոր գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ նախկին պետքարտուղարներ Մադլեն Օլբրայթը և Հենրի Քիսինջերը։

Դիվանագետ և քաղաքական գործիչ Խաչիկյանն ավելի վաղ եղել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցությունում (ASEAN) Միացյալ Նահանգների դեսպանը, իր ծառայության համար արժանացել է Պետդեպարտամենտի Պատվո բարձրագույն մրցանակին։ Նա 2012 թվականի նախագահական ընտրարշավում Բարաք Օբամայի թիմում Ասիական քաղաքականության գծով համատնօրենն էր, 1998-99 թվականներին՝ Բիլ Քլինթոնի նախագահության օրոք, ընդգրկված էր Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում, աշխատել է հետազոտական կենտրոններում, գրքերի, զեկույցների և հոդվածների հեղինակ է։

Խաչիկյանը նաև Ամերիկային ծառայող կին դեսպանների ընկերակցության հիմնադիրն է, որում ընդգրկված են ավելի քան 200 գործող և նախկին դեսպաններ, մի շարք այլ կազմակերպությունների համահիմնադիր, խորհուրդների անդամ, նշում է Ամերիկայի հայկական լոբբիստական կառույցը։

«Համագումարը շնորհավորում է դեսպան Խաչիկյանին այս հեղինակավոր նշանակման առիթով։ Հաշվի առնելով դեսպանի տասնամյակների փորձառությունը և խորը գիտելիքները՝ կասկած չունենք, որ նա գերազանց կկատարի իր ծառայությունը», - հայտարարել է ԱՀՀ համանախագահ Վան Գրիգորյանը։

 

 

  • Կիսվել: