կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ձայնագրության իսկության վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ձայնագրության իսկության վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ երաշխավորում է համացանցում տարածված այն ձայնագրության օրիգինալ լինելը, որում ենթադրաբար Ռոբերտ Քոչարյանը դիմում է այլ երկրի ղեկավարի՝ օգնության խնդրանքով։

Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով համապատասխան ձայնագրությանն իրավական գնահատական տալու հարցին։

«Ես երաշխավորում եմ, որ դա իրական, օրիգինալ ձայնագրություն է, ընդ որում, դա հեռախոսային խոսակցություն չէ, ակնհայտորեն, այլ՝ ձայնային հաղորդագրություն։ Իրականությանը 100 տոկոսով համապատասխանում է՝ երաշխավորում եմ։ Անձամբ Ռոբերտ Քոչարյանն է այդ ձայնային հաղորդագրությունը հեռախոսի վրա թողել, ուղարկել՝ միջնորդի միջոցով»,-ասաց Փաշինյանը՝ տարակուսանք հայտնելով, որ քաղաքացիական հասարակությունը, հետաքննող լրագրողները և ընդհանրապես ոչ ոք փորձաքննության չեն ենթարկել այն։

Փաշինյանի համոզմամբ՝ ձայնագրությունում հնչող խոսքը պարունակում է  Հայաստանում այլ երկրի համակարգմամբ քաղաքական գործունեություն ծավալելու դրվագ, որն առաջին հերթին քաղաքական հետևանքներ կարող է ունենալ։

Անդրադառնալով այդ ձայնագրությանն իրավական գնահատական տալու հավանականությանը, նա նշել է, որ վստահ չէ, որ դրա անհրաժեշտությունը կա։

«Վստահ չեմ, որ իրավական գնահատականի հարց կա, որովհետև երբ մենք ասում ենք գործակալ, պետք է հասկանանք, որ կա մի քանի շերտ՝ կա ազդեցության գործակալ, որը երկրի շահերի լոբբինգն է անում։ Մեր օրենսդրությունը, վստահ չեմ, թե նման բան նախատեսում է, բայց առնվազն դա արժանի է քաղաքական գնահատականի»,-հավելել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է այլ երկրի հատուկ ծառայության աշխատակից լինելու, ինչպես նաև քաղաքացիության վերաբերյալ կեղծ տեղեկություններ տալու դեպքերում քրեական հետապնդման հնարավորությանը, ապա, ըստ նրա, դրանց իրավական գնահատական կտան իրավապահները։

«Նախատեսված է, և եթե չեմ սխալվում, հաղորդագրություն է եղել, որ քրեական գործ է հարուցված, քրեական գործով կպարզվի»,-նշեց Փաշինյանը։

Ավելի վաղ, համացանցում հրապարակվել է ձայնագրություն, որում ենթադրաբար ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, դիմելով օտար երկրին, ասում է հետևյալը․ «Դուք ինձ մտցրեցիք ՀՀ քաղաքական դաշտ, հիմա պրոբլեմներ ունեմ, խնդրում եմ՝ ապահովեք իմ դուրս գալն այդ դաշտից»։

Ռոբերտ Քոչարյանն, արձագանքելով այդ ձայնագրությանը, այն համարել է կեղծիք և արհետական բանականությամբ ստեղծված։

 

  • Կիսվել: