ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու որոշումը չընդունվեց՝ 1 կողմ, 1 դեմ, 76 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ առաջին անգամ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին վարչապետ չէր ընտրել մայիսի 3-ի՝ Ազգային ժողովի հատուկ նիստում:

Ինչպես նշեց ԱԺ նախագահը՝ 7-րդ գումարման Ազգային ժողովն արձակված է համարվում իրավունքի ուժով, սակայն կշարունակի գործել մինչև 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկը:

Նշենք, որ հունիսի 20-ին տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ քաղաքական ուժերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանի արձակումից առաջ շնորհակալություն հայտնեց խորհրդարանական ընդդիմությանը՝ համատեղ աշխատանքի, ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության անդամներին ու ժողովրդին՝ իշխանությանը քննդատելու ու սատարելու համար:

Նա ասաց. ՛՛Կարծում եմ՝ առիթ է, որպեսզի ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության անունից շնորհակալություն հայտնեմ խորհրդարանական ընդդիմությանը՝ չնայած այն հանգամանքին, որ մենք տարբեր հարցերում ունեցել են շատ տարաձայնություններ՝ միևնույն խնդրի լուծումը գտնելու համար՛՛:

Մակունցը շնորհակալություն հայտնեց նաև ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցությանը. ՛՛Հատկապես վերջին ամիսների ընթացքում պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցությունը քաջ գիտակցել է այն պատասխանատվությունը, որը կրում է երկրում կայունություն ապահովելու և երկիրն անցնցում պահելու համար, որը կարող էր հանգեցնել արտաքին, անվտանգային սպառնալիքների և կամք դրսևորել՝ հարթ կերպով, դժվարություններով այս հանգրվանին հասցնել՛՛:

Նա շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ քաղաքացիներին, հայ ժողովրդին: ՛՛Որովհետև այս ընթացքում, որտեղ պետք է քննադատել եք, որտեղ պետք է, սատարել եք, որտեղ սխալվել ենք, փորձել եք ուղղել մեր սխալները, որովհետև հավատացել եք, որ եթե մեզ քննադատեք, մենք ականջալուր ենք լինելու ձեր քննադատություններին: Այո, գուցե սխալվել ենք ու թերացել որոշ դեպքերում՝ ինչպես բոլոր իշխանությունները:

Բայց մենք մեզ պատվիրակված գլխավոր հանձնառությունը կատարել ենք՝ դուք մեզ պահ եք տվել ամենաթանկը՝ ձեր իշխանությունը, որը մենք թույլ չենք տվել ֆիզիկական, բարոյական, ինչպես նաև կյանքի սպառնալիքի ներքո խլել ձեզանից: Եվ այսօր մենք ձեզ պատկանող իշխանությունը ձեզ ենք վերադարձնում՛՛,-ասաց նա:

Նա վստահեցրեց, որ իրենք հաստատակամ են՝ ՀՀ-ում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ:

  • Կիսվել: