կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները հաշվի են առնվել. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները հաշվի են առնվել. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ժամին ՀԱՊԿ-ի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները հաշվի են առնվել, շարունակվում են խորհրդակցությունների անցկացման աշխատանքները: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Զայնետդինովը, մասնավորապես, նշել է. ՛՛Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունները հաշվի են առնվել: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականներին համապատասխան աշխատանքը շարունակվում է՛՛:

Պաշտոնյան հիշեցրել է, որ երեքշաբթի օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պահանջում է անհապաղ միջոցառումներ, առաջին հերթին՝ քաղաքական և դիվանագիտական բնույթի, ինչպես նաև սահմանազատում և սահմանագծում՝ պետական սահմանի հատվածում:

Այսօր Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Հայաստանի օրենսդիր մարմնում, ասել է, որ հայկական կողմը չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով, եթե ՀԱՊԿ մեխանիզմները թույլ չտան լուծել այս խնդիրը:

Նա նաև ասել է, որ Հայաստանը գոհ չէ ՀԱՊԿ-ի ՛՛գործողությունների արագությունից՛՛՝ Ադրբեջանի հետ սահմանի խնդրի լուծման հարցում: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ը այս հարցում հստակ դիրքորոշում չի հայտնել:

  • Կիսվել: