ուրբաթ, հունվար 22
22 / 1 / 2021
Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլի խորհրդի բանաձևը՝ հայ ժողովրդին սատարելու և Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին

Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլի խորհրդի բանաձևը՝ հայ ժողովրդին սատարելու և Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին

Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլի խորհուրդը բանաձև է ներկայացրել հայ ժողովրդին սատարելու և Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: 
 
Հաղորդագրության մեջ ասված է. «Հաշվի առնելով Ֆրանսիային և Հայաստանին միավորող պատմական և մշակութային կապերը, մասնավորապես, 1915 թ. Հայոց ցեղասպանության մազապուրծներին Ֆրանսիայում և մեր վարչատարածքում հյուրընկալելուց հետո,

Հաշվի առնելով, որ Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլում հայկական ծագմամբ շատ ֆրանսիացիներ են ապրում, ովքեր առանձնահատուկ ձևով կապված են Հայաստանին,
 
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման արդյունքում Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլն անհրաժեշտ է համարում աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և վերահաստատել, որ հավատարիմ է ժողովրդավարության և ազատության գաղափարներին,
 
Հաշվի առնելով այն ծանր մարդասիրական վիճակը, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տասնյակհազարավոր տեղահանվածներ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով,
 
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով իրենց երկրի անկախության օգտին արտահայտված և մշտապես վերահաստատված կամքը՝ երկիր, որ օժտվել է ժողովրդավարական կառույցներով և գործելակերպով Արցախի Հանրապետություն անվան ներքո,
 
Հաշվի առնելով, որ 1994-ին կնքված զինադադարի համաձայնագիրը թույլ տվեց դադարեցնել 1988-ին սկիզբ առած Ղարաբաղյան հակամարտությունը, և որ հակամարտության խաղաղ, բանակցային և տևական լուծման պետք էր գալ Մինսկի խմբի շրջանակում, և որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը կայացվել է այս շրջանակից դուրս,
 
Հաշվի առնելով ներկայում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությանը սպառնացող վտանգը,
 
Հաշվի առնելով Ֆրանսիայի դիվանագիտության բուռն ցանկությունը՝ 1994-ից ի վեր Մինսկի խմբի շրջանակում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համանախագահությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային լուծում գտնելու հարցում,
 
Հաշվի առնելով տարբեր քաղաքական կազմավորումների խորհրդարանականների կողմից 2020 թ. հոկտեմբերի 16-ին Ազգային ժողովում ՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ, և Սենատում ՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ներկայացված բանաձևերի առաջարկները,
 
Հաշվի առնելով Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլի նախագահի աջակցությունը՝ ուղղված հայկական քաղաքակրթության բնօրրան հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հայերին՝ միանալով, մասնավորապես, 2020 թ. հոկտեմբերի 4-ին բազմաթիվ հայտնի անձանց կողմից ստորագրված կոչին,
 
Հաշվի առնելով հակամարտության տևական կարգավորման ուղենիշների սահմանման հրատապ անհրաժեշտությունը, որոնք կերաշխավորեն մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, 1994 թ. սահմանված սահմանների վերականգնումը, բնակչության անվտանգությունը և 2020 թ. սեպտեմբերի 27-ից ի վեր իրենց տները ստիպված լքած տասնյակհազարավոր մարդկանց վերադարձի իրավունքը՝
 
Մետրոպոլի խորհրդին առաջարկում ենք հաստատել սույն բանաձևը, որով դիմում ենք Ֆրանսիայի կառավարությանը.
 
Գործի դնել բոլոր դիվանագիտական միջոցները, որոնք անհրաժեշտ են հակամարտության վերջնական կարգավորման համար՝ Մինսկի խմբի շրջանակում երաշխավորելով առկա ամբողջ բնակչության կայուն անվտանգությունը:
 
Ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես իր բնակչության անվտանգության, տարածաշրջանային և գլոբալ կայունության գրավական:

Այս ճանաչման միջոցով տեղական իշխանություններին և հանրային հաստատություններին թույլ տալ գործակցել Արցախի Հանրապետության՝ իրենց գործընկերների հետ գործակցության ծրագրեր զարգացնելու և բնակչությանն աջակցություն ցուցաբերելու հարցում»:

  • Կիսվել: