ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նարեկ Սարգսյանը կտեղափոխվի Հայաստան. Չեխիայի իրավապահները համաձայնություն են տվել

Նարեկ Սարգսյանը կտեղափոխվի Հայաստան. Չեխիայի իրավապահները համաձայնություն են տվել

Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը», -իր ֆեյսբուքյան էջում հավելել է Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ 2018–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Նարեկ Սարգսյանը այս գործով ներգրավել էր որպես մեղադրյալ: 2018–ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր2018–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Նարեկ Սարգսյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդին է:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: