երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Նախնական հաշվարկներով, միայն իրանցի զբոսաշրջիկների չժամանելու արդյունքում Հայաստանը կորցնում է 8-9 մլն դոլար. Տնտեսագետ

Նախնական հաշվարկներով, միայն իրանցի զբոսաշրջիկների չժամանելու արդյունքում Հայաստանը կորցնում է 8-9 մլն դոլար. Տնտեսագետ

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կարծում է, որ ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումները էականորեն կազդեն Հայաստանի տնտեսության վրա:

«2019-ին Հայաստանի արտահանվել է 735 մլն դոլարի ապրանք Ռուսաստանի Դաշնություն, որի 70 տոկոսն իրականացվում է ռուբլով: Բայց ռուբլու փոխարժեքը էականորեն նվազել է՝ եթե հունվարին միջին փոխարժեքը եղել է 7.8 դրամ, բայց հիմա՝ 6.7 դրամ է: Սա էկանորեն կազդի մեր տնտեսության վրա», - այսօր «Ռուբլու արժեզրկման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա» թեմայով քննարկմանը հայտարարեց տնտեսագետը:

Նրա ներկայացմամբ, կորոնավիրուսի ազդեցությամբ պղնձի սպառումը, ինչպես նաև գները ընկել են, իսկ նավթի գների անկմանը նպաստել է նաև OPEC- Ռուսաստան վեճը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ռուբլու արժեզրկման:

Հայաստանի տնտեսության մեջ այդ խնդիրները կարող է զգալ մշակող արդյունաբերության ոլորտը, որն հիմնականում ուղղված է ՌԴ արտահանման ուղղությամբ:

Անդրադառնալով տրանսֆերտներին, տնտեսագետը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն, 2019-ին 1.5 մլրդ դոլարի ներհոսք է կատարվել ֆիզիկական անձանցից: «Այս տվյալների մեջ էական հատվածը ուղարկվել է Ռուսաստանից, և փոխարժեքի նման անկումը կարող է ազդել շատ մարզերի հայ սպառողների գնողունակության վրա, հատկապես Գեղարքունիքի մարզի, որտեղ եկամուտը ձևավորվում է ռուսական ռուբլուց», -ասաց Ֆանյանը:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա ըստ տնտեսագետի ռուբլու արժեզրկումը կհանգեցնի նաև Ռուսաստանից զբոսաշրջության տեմպերի նվազմանը: «Այս հարցում կա նաև կորոնավիրուսի ազդեցությունը: Մարտ ամսին մենք հյուրընկալում էինք իրանցի զբոսաշրջիկներին, բայց սահմանները փակ են: Նախնական հաշվարկներով, միայն իրանցի զբոսաշրջիկների չժամանելու արդյունքում մեր զբոսաշրջության արժեքային շղթան կորցրել է 8-9 մլն դոլար, խոսքը՝ ռեստորանների, հյուրանոցների, վարձով տրվող տների մասին է», -հավելեց Ֆանյանը:

  • Կիսվել: