կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Նախկինում առաջարկված բոլոր տարբերակներն ավելի լավն էին, քան այն, ինչ կա հիմա․ Քոչարյանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակների մասին

Նախկինում առաջարկված բոլոր տարբերակներն ավելի լավն էին, քան այն, ինչ կա հիմա․ Քոչարյանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակների մասին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախկինում առաջարկված բոլոր տարբերակներն ավելի լավն էին, քան այն, ինչ կա հիմա։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Պատասխանելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառների մասին հարցին եւ խոսակցություններին, թե նրա ընդդիմախոսները, այդ թվում եւ Քոչարյանը, Տեր-Պետրոսյանի առջեւ մի ինչ-որ փաստաթուղթ են «դրել», որի համաձայն՝ Ղարաբաղի մակերեսը 8 հազար քառ. կիլոմետր է, եւ անհրաժեշտ է անհապաղ ճանաչում, եւ եթե Տեր-Պետրոսյանը չի կարողանում ապահովել Ղարաբաղի անհապաղ ճանաչումը, ապա պետք է հեռանա, Քոչարյանը նշեց, որ նրան հայտնի չեն նկարագրվող իրադարձությունները։

«Այդպիսի բան չի եղել։ Ես չգիտեմ, թե որտեղից նման տեղեկատվությունը։ Այդ ժամանակվա իրադարձությունների մասին ես մանրամասն նկարագրել եմ իմ գրքում։ Ավել բան չի եղել։ Իսկապես չի եղել։ Այն ժամանակ վեճ էր գնում  փուլային տարբերակի մասին, տարածքների հանձնման, խաղաղապահների մասին։ Մենք կողմ էինք փաթեթային տարբերակին եւ ասում էինք, որ եթե մենք այս տարաքծներից դուրս գանք, հաջորդ քայլը լինելու է Ղարաբաղի ոչնչացումը։ Մենք չէինք հավատում Ադրբեջանին եւ հավատալու հիմքեր չունեինք։ Ուղղակի Տեր-Պետրոսյանին մենք ասացինք՝ հետ քաշվիր։ Այն ժամանակ նա չէր ուզում հետ քաշվել»,- նշեց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է տարբերակներին, ապա, ըստ երկրորդ նախագահի, ըստ էության, հակամարտության ամբողջ պատմության մեջ բոլոր տարբերակները, ներառյալ Տեր-Պետրոսյանի առաջարկածը, շատ ավելի լավն էին, քան այսօրվա փաստացի վիճակը։ Անհամեմատ ավելի լավն էին բոլոր տարբերակները, քան այն, ինչ մենք ունենք այսօր։ Սա փաստ է։ Համենայնդեպս, Հադրութ, Շուշի կար բոլոր տարբերակների մեջ, եւ բոլոր տարբերակների մեջ ենթադրվում էր բանակցային գործընթաց Մինսկի խմբի շրջանակում, միջազգայնորեն ճանաչված կարգավիճակներ՝ ավելի շատ կամ ավելի քիչ։ Մենք ստացանք ամենից վատ տարբերակը։ Իշխանությունները հայտարարեցին, որ սկսում են զրոյական կետից եւ մեզ բերեցին-հասցրին մեկ այլ զրոյական կետի»,- եզրափակեց Քոչարյանը։

  • Կիսվել: