Նախագահն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Հայաստանում առաջին անգամ կանցկացվող աշխատանքի միջազգային համաժողովին:
Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրի ներքո Երևանում անցկացված համաժողովը:
Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հետագա համագործակցությունը հետագայում ևս կշարունակվի ակտիվ կերպով:
Կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն շնորհակալություն է հայտնել նախագահին համաժողովի բացմանը ներկա գտնվելու և ընդունելության համար:
«Դուք իրավացիորեն ճիշտ նշեցիք, որ սոցիալական արդարությունը շատ բազմատարր է իր բոլոր դրսևորումներով».- նշել է Գիլբերտ Հունգբոն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատավորների իրավունքների պաշտպանության և դրանով զբաղվող արհմիութենական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել վերջին տարիներին ՀՀ Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներին, որոնք միտված են սոցիալական արդարության ապահովմանը: Այս համատեքստում Հանրապետության նախագահը իր շնորհակալական խոսքն է ասել ԱՄԿ տնօրենին հայկական կողմի հետ ակտիվ համագործակցության և նոր Աշխատանքային օրենսգրքի ստեղծման գործում խորհրդատվական աջակցության համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցիալ տնտեսական ու հումանիտար խնդիրներին՝ այդ թվում աշխատանքային իրավունքների պաշտպանության ու աշխատանքի տեղավորման հարցերին: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄԿ տնօրենին մանրամասներ է հայտնել այս ուղղությամբ կառավարության գործարկած ծրագրերի և քայլերի մասին:



