հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խաչատուրյանը վստահեցնում է՝ ընտրվելու դեպքում իրապես լինելու է ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը

Խաչատուրյանը վստահեցնում է՝ ընտրվելու դեպքում իրապես լինելու է ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը

Ազգային ժողովը շարունակում է ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանից հետաքրքրվեց՝ արդյոք նա պատրաստվում է լինել միայն քաղաքական մեծամասնության, թե ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը:

«Ես համոզված եմ՝ դուք չեք ուզում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը, դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը: Ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը», - արձագանքեց Վահագն Խաչատուրյանը:

Նրա խոսքով` Հանրապետության նախագահի ինստիտուտն ուղղված է նաև համազգային խնդիրների լուծմանը, ինքն էլ ընտրվելու դեպքում պատրաստվում է հենց այդպես էլ վարվել:

«Միգուցե, նաև իմ թեկնածությունը դրել եք՝ հաշվի առնելով այդ հանգամանքը: Իմ մեջ տեսել եք այն մարդուն, որը կարող է այդ դերը կատարել: Այսօրվա մեր մասնատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող հասարակության համար շատ կարևոր է, որ նախագահի ինստիտուտը համախմբող լինի», - նշեց նախագահի թեկնածուն:

Ըստ նրա՝ նախագահի ինստիտուտը միայնակ չի կարող լավ աշխատել, խնդիրները լուծել, եթե չկա Ազգային ժողովի, կառավարության, հասարակության, ՀԿ-ների հետ համագործակցություն:

«Այստեղ իմ ու քո լինել չի կարող, ես այդպես եմ ընկալում և այդ ընկալմամբ էլ ձեր առջև եմ հանդես գալիս», - հայտարարեց Վահագն Խաչտուրյանը:

  • Կիսվել: