շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցական ուղերձ են հղել լեհ հայտնի կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ:

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. «Խոր ցավ ենք ապրում․ այլևս մեզ հետ չէ ժամանակակից երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ լեհ նորարար կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկին։

Հայկական արմատներով Պենդերեցկին հայ և լեհ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն էր, միշտ սպասված հյուր հայաստանցի երաժշտասերի համար, իսկ նրա յուրաքանչյուր այցելություն Հայաստան, յուրաքանչյուր ելույթ իրադարձություն էր ու մեծ տոն: Պենդերեցկին սերտորեն կապված էր հայ մշակույթի, Հայաստանի, հայ ժողովրդի հետ: Երաժշտասեր հանրությունը ջերմությամբ էր ընդունում նրան։ Պատահական չէր, որ 2015 թվականին նա հատուկ ստեղծագործություն նվիրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Մեծ պատիվ և հաճույք էր 2018թ․ Վարշավայում ներկա գտնվել Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։

Պենդերեցկին հեռացավ, սակայն հավերժ է նրա երաժշտությունը՝ համաշխարհային մեծության, տպավորիչ, մնայուն։

Խորապես ցավակցում ենք մաեստրոյի ընտանիքին, հարազատներին, երկրպագուներին և կիսում անդառնալի կորստի վիշտը»: 

  • Կիսվել: