երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Մասդար» ընկերությունն սկսում է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում

«Մասդար» ընկերությունն սկսում է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության ներկայացուցիչներ Մոհամեդ ալ Շեհիին և Վիպուլ Գոյալին:

«Մասդար» ընկերությունն սկսում է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում, որն առաջիկայում կմեկնարկի «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում: Վերականգնողական էներգիայի ոլորտում աշխարհում առաջատարներից համարվող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ Աբու Դաբիում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Մասդար» ընկերության միջև 2019 թվականին ստորագրվել էր համատեղ զարգացման մասին համաձայնագիր՝ Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծեր իրականացնելու վերաբերյալ: «Մասդար» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրություններ այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություները կյանքի են կոչվում:

«Ներդրումներ և փոխգործակցության նոր ծրագրեր ենք ակնկալում նաև մյուս՝ տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, լոգիստիկայի և այլ ոլորտներում: Մեր երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն»,-նշել է նախագահ Սարգսյանը: «Մասդարի» ներկայացուցիչները և հանդիպմանը մասնակցող Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը տեղեկություններ են ներկայացրել նոր նախագծի ծավալների, իրականացման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին:

  • Կիսվել: