Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է սահմանային լարվածության հարցով հրատապ նիստ գումարել
ԱԺ արտահերթ նիստում պատգամավոր Նաիրա Զոհրաբայնն առաջարկեց սահմանային լարվածության հարցով հրատապ նիստ գումարել։ Նա նշեց, որ առաջիկայում Մոսկվայում սպասվում են եռակողմ բավականաչափ բարդ բանակցություններ, չէր ուզենա, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետո իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր։
«Ես պնդում եմ իմ առաջարկը՝ հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, հրավիրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության ղեկավար մարմիններին, եթե անհրաժեշտություն կա, փակ ֆորմատով քննարկել ստեղծված իրավիճակը։ Առաջիկայում Մոսկվայում սպասվում են եռակողմ բավականաչափ բարդ բանակցություններ, ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետո իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր։
Հիմա իսկապես կոնսոլիդացվելու, միասնական լուծումներ և թուրք-ադրբեջանական տանդեմին իրապես գրագետ պատասխան տալու ժամանակն է։ Մեր պետականությունը վտանգված է, սահմանները վտանգված են, ամեն օր Ադրբեջանը խախտում է գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները։ Հրավիրենք այս նիստից հետո հրատապ նիստ ու քննարկենք այդ կարևոր հարցը»,- ասաց նա։


