կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նաիրա Հայրապետյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցվեցին

Նաիրա Հայրապետյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցվեցին

 Երևանի քաղաքապետարանում ընթանում է Երևանի ավագանու արտահերթ նիստը։

Ավագանու արտահերթ նիստին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նիստին մասնակցում է ավագանու 35 անդամ, քվորումն ապահովված է։

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 8 հարց։ Օրակարգային հարցերից առաջինը վերաբերում է Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն, որին, ինչպես հայտնել է Ավինյանը,  Երևանի քաղաքապետարանի գլխադասային՝ իրավական  հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել։

Այդ շրջանակներում քննարկման է դրվել  «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Նարինե Հայրապետյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը։

Հարցը զեկուցեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարատ Թոխյանը։

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպության վարչության գրության համաձայն՝Երևան քաղաքի ավագանու հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում 2023 թվականին տեղի է ունեցել ավագանու 4 նիստ, որոնց ընթացքում կազմակերպվել է ընդհանուր թվով 42 քվեարկություն։Նույն գրության համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Մարինե Հայրապետյանը մասնակցել է ընդամենը 10 քվեարկությունների։ Այսինքն՝ նստաշրջանի ընթացքում բացակայել է քվեարկությունների կեսից ավելին։ Բացակայությունները հարգելի համարելու համար տվյալներ Երևանի քաղաքապետարանին չի ներկայացվել։ Համաձայն ՏԻՄ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Երևանի ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել   ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»,-ներկայացրել է Թոխյանը։

Ի պատասխան ավագանու անդամ Արտակ Զեյնալյանի հարցի՝ Թոխյանը հայտնել է, որ Նարինե Հայրապետյանը էլեկտրոնային փոստով  տեղեկացված է արտահերթ նիստում իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցի քննարկման վերաբերյալ։

Ավագանու 34 կողմ ձայնով Երևանի ավագանու անդամ Նարինե Հայրապետյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցն արտահերթ նիստում ընդունվել է։

  • Կիսվել: