հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի գործով որոշումը սկզբունքային նշանակություն ունի ․ Մինասյան

Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի գործով որոշումը սկզբունքային նշանակություն ունի ․ Մինասյան

Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի անուններն «անցանկալի անձանց» ցուցակից հեռացնելուն ԱԱԾ-ին պարտավորեցնելու մասին Վարչական դատարանի որոշումը սկզբունքային նշանակություն ունի սփյուռքահայերի իրավունքների պաշտպանության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Մինասյանը հիշեցրեց գործերի նախապատմությունը, ապա զուգահեռներ անցկացնելով նկատեց, որ ԱԱԾ-ն այդ նույն մեխանիզմը կիրառել է բազմաթիվ հայազգի և հայրենանվեր իրենց գործունեությամբ հայտնի մեր հայրենակիցների նկատմամբ։ Այս պահի դրությամբ՝ իրավական ընթացքավորված նմանատիպ հինգ գործ՝ Մուրադ Փափազյանի, Մասիս Աբրահամյանի, Սյունե Աբրահամյանի, Արթուր Նժդեհ Քարաքավորյանի, Ասլան Ասլանյանի վերաբերյալ, որոնք դատական տարբեր ատյաններում են գտնվում։

«Հիմա մենք ունենք Վարչական դատարանի կողմից արդեն հրապարակված որոշումը՝ Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի առնչությամբ, որտեղ դատարանը շատ հստակ և համակարգային վերլուծությունների միջոցով ճանաչել է իրավահարաբերության բացակայությունը՝ պարտավորեցնելով ԱԱԾ-ին՝ հեռացնել Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի անուններն «անցանկալի անձանց» ցուցակից»,- ասաց Մինասյանը՝ նկատելով, որ այս գործերը կարևոր նշանակություն ունեն՝ սփյուռքահայերի իրավունքների պաշտպանության համատեքստում։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ նկատեց՝ շատ բարձր է գնահատում դատական ակտերը, հույս ունի՝ այս գործով վեճը շարունակելու առիթ չի լինի, թեպետ հասկանում է, որ ԱԱԾ-ն կդիմի վերաքննիչ դատարան։

«Հույս ունեմ, որ ԱԱԾ-ն խորապես ծանոթանալուց հետո կփորձի լուծումներ գտնել նման իրավիճակների համար։ Շատ կարևորելով որոշումը, տեսնում ենք զարգացման հնարավորություն, որ հատկապես կասկածի տակ չդրվի այն մարդկանց Հայաստան վերադառնալու իրավունքը, ում համար Հայաստանը հայրենիք է» ,- նշեց Մելիքյանը։

  • Կիսվել: