ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մոսկվան, ինչպես ոչ ոք, շահագրգռված է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ամուր խաղաղության հաստատման հարցում. Լավրով

Մոսկվան, ինչպես ոչ ոք, շահագրգռված է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ամուր խաղաղության հաստատման հարցում. Լավրով

Չնայած Հայաստանի արտգործնախարարի՝ Մոսկվա այցի չեղարկմանը, Ռուսաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են խաղաղ պայմանագրի հարցերը: Այս մասին այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

"Կարծում ենք, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար։ Ինչ-որ փուլում թվում էր, թե ադրբեջանական առաջարկները, որոնք դրական են ընդունվել հայկական կողմից, թույլ կտան հիմք ստեղծել համապատասխան իրավական փաստաթղթի համար։ Բանակցային գործընթացին Ռուսաստանի Դաշնության աջակցության անհրաժեշտությունը ճանաչվում է մեր բարեկամների կողմից, ավելին, այդ անհրաժեշտությունն ամրագրված է այս տարվա հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով եռակողմ հայտարարության մեջ",-նշել է Լավրովը։

Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ Մոսկվան, ինչպես ոչ ոք, շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամուր եւ արդար խաղաղության եւ հակամարտությունների կանխման հարցում:

"Ռուսաստանը, ինչպես եւ ոչ ոք, շահագրգռված է, որպեսզի այս տարածաշրջանում մեր բարեկամ երկու պետությունների միջև հաստատվի ամուր, արդար խաղաղություն, և հուսալիորեն բացառվեն հակամարտությունների նախկին դրսևորումները",-ասել է նա:

Լավրովը հայտնել է նաեւ, որ հանդիպման ընթացքում վերլուծվել է տարածաշրջանի կարգավորման վերաբերյալ բոլոր եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը: Նրա խոսքով ՝ առաջընթաց է արձանագրվել նաև Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում։

  • Կիսվել: