ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվան ակնկալում է, որ Բրյուսելը կօգնի, ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր կխաղա ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ Բրյուսելը կօգնի, ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր կխաղա ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում. Զախարովա

Մոսկվան հուսով է, որ Բրյուսելը կօգնի իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, ոչ թե կփորձի աշխարհաքաղաքական խաղեր խաղալ: Այսօր ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Մենք տեսնում ենք բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթացների մեջ մխրճվելու՝ ԵՄ համառ փորձերը»,- ասել է Զախարովան:
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմավարական նպատակը Հարավային Կովկասը կայունության ու բարգավաճման գոտի դարձնելն է, այդ գործընթացին աջակցելը: Այդ ճանապարհին առանցքային խնդիրներից մեկը Երևանի և Բաքվի հարաբերությունների համալիր կարգավորումն է, ամուր խաղաղության հաստատումը։ Հիմք են կազմում առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք հետևողականորեն իրականացվում են։
Նա նշել է, որ Մոսկվան համակողմանի աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ու Ադրբեջանին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանազատման, հասարակական երկխոսության հաստատման ու խաղաղ պայմանագրի մշակման:
 
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
 
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: