ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մնացականյանը պատասխանել է Լավրովին. Անվտանգության և ստատուսի հարցերում զիջումներ չեն կարող լինել

Մնացականյանը պատասխանել է Լավրովին. Անվտանգության և ստատուսի հարցերում զիջումներ չեն կարող լինել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, ըստ որի արցախյան հակամարտության կողմերը համաձայնության են եկել խնդրի լուծման փուլային տարբերակի շուրջ, որը ենթադրում է որպես առաջնային քայլ Արցախի շուրջ տարածքների վերադարձ:

«Ես էլ եմ լսել այդ հայտարարության մասին: Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, վարչապետը եղել ենք շատ թափանցիկ: Եվ չի կարող լինել այնպիսի բան, որ մենք բանակցությունների սեղանին ասենք մի բան, իսկ հանրությանը մեկ այլ բան»,- հավաստեց նախարարը:

Անդրադառնալով Լավրովի բուն հայտարարությանը` Մնացականյանը ասաց որ, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի` սկսած Քի-Վեստից մինչև հիմա:

«Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 թ., 2016 թ., սակայն դրանք ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար: 2018 թվականից ի վեր քննարկումները ծավալվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների գնահատման շուրջ: 2014 թվականի առաջարկը այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»,- հավաստեց նախարարը:

Նա նաև նշեց, որ հայկական կողմը միշտ շեշտադրեն է հարցի անվտանգային բաղադրիչը, իսկ անվտանգության գոտին հենց այդ բաղադրիչի կարևորագույն մասն է, և չի կարելի ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը վտանգի տակ կդնի անվտանգության այդ կարևորագույն բաղադրիչը:

«Որևէ մեկը չի կարող ենթադրել, որ հայկական կողմերից մեկը կարող է գնալ այնպիսի զիջումների, որոնք կվտանգեն արցախի ժողովրդի անվտանգությունը, առավելևս, որ սպառնալիքը ռեալ է և էգզիստենցիալ»,- նշեց Մնացականյանը:

Նա նաև շեշտեց, որ հայկական կողմի համար կարևորագույն սկզբունք է նաև ինքնորոշման հարցը, որը նշանակում է ստատուսի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունքի իրացում առանց սահմանափակումների: Մնացականյանը հավելեց, որ հարցը հնարավոր է լուծել փոխզիջումների միջոցով, սակայն զիջումներ հայկական կողմից հնարավոր չեն:

«Հայկական կողմը երբեք զիջման չի գնա անվտանգության և ինքնորոշման` ստատուսի հարցում»,- պնդեց նա` հավելելով, որ փոխզիջումները պետք է լինեն համաչափ, անվտանգության և ստատուսի տարրերը ենթակա չեն քննարկման:

«Սա է մեր դիրքորոշումը այս երկու տարվա մեջ, որը մենք ներկայացնում ենք բանակցությունների ընթացքում: Որևէ մեկը թող չմտածի, որ բանակցությունների սեղանին խոսվում է մի բան, հանրության առաջ ներկայացվում մեկ այլ բան»,- շեշտեց նախարարը:

Նա նաև հավելեց, որ ՀՀ ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ հայաստանյան կողմը իր մասով է ներգրավված բանակցությունների մեջ և ՀՀ իշխանությունները արցախի ժողովրդի մանդատը չունեն:

«Արցախի ժողովրդի մանդատը ստացել է Արցախի նորընտիր իշխանությունը, որը ձևավորվեց ազատ մրցակցային ընտրությունների միջոցով: Որևէ որոշում, որը վերաբերվում է Արցախին չի կարող ընդունվել առանց արցախի ժողովրդի: Սա են այն մոտեցումները, որոնցով մենք ուղղորդվել ենք այս տարիներին և ուղղորդվելու ենք հետայսու: Բոլոր այս մոտեցումները մշտապես քննարկվել են արցախի իշխանությունների հետ: Մենք աշխատում ենք և աշխատելու ենք միասին»,- ասաց Մնացականյանը:

Նա նորից շեշտեց, որ արցախյան հարցի կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Կորոնավիրուսի էպիդեմիայի ֆոնին Մնացականյանը առավել կարևորեց զինադադարի պահպանումը:

Նախարարը նաև հայտնեց, որ երեկ վիդեոկոնֆերանսից հետո, որը տեղի ունեցավ իր և համանախագահների մասնակցությամբ, այսօր հնարավոր է տեղի ունենա վիդեոկոնֆերանս համանախագահների ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ:

Նշենք, որ Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ակումբի անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ Լավրովը մասնավորապես ասել է, որ անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ուենցած Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ տարածվել են նախագծեր, որոնք այսօր ակտիվորեն քննարկվում են: Այդ փաստաթղթերը ենթադրում են հակամարտության կարգավորման փուլային մոտեցում, որով կողմերին առաջարկվում է առաջին փուլում լուծել առավել կարևոր խնդիրները՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա շրջանների վերադարձ և տրանսպորտային, տնտեսական ու այլ կոմոնիկացիաների ապաշրջապակում»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: